2013թ. մայիսին Սիրիայում ձերբակալված գերմանացի լրագրող Արմին Վերցն ազատ է արձակվել և այժմ գտնվում է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, հաղորդում է ITAR-TASS-ը:
Սիրիայում իրադարձությունները լուսաբանող թղթակիցը, որն աշխատել է նաև գերմանական «Տագեսշպիգել» թերթի համար, ձերբակալվել էր Հալեպում կառավարական զորքերի կողմից: Նա մեղադրվում էր, որ Սիրիա է ժամանել ԶԼՄ-ների աշխատակիցների համար նախատեսված առանց համապատասխան այցագրի և լուսանկարել է՝ չունենալով իշխանությունների թույլտվությունը:
Լրագրողը հայտարարել է, որ իր մոտ եղել է տեսախցիկ, սակայն նկարահանումներ չի կատարել: Նա նաև նշել է, որ ազատ է արձակվել շաբաթ օրը և նույն օրը երեկոյան ժամանել է Բեռլին:








































