Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի մեկնաբանությամբ` Ամուլսարի հանքի շահագործումը ոչ միայն ցանկալի չէ, այլև անթույլատրելի է:
Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում առանձնացրեց հատկապես հանքի շահագործման վայրում պոչամբարի առկայության խնդիրը. «Ես եղել եմ տեղում, Որոտան գետի ձախ ափին իրենք ծրագրում են պոչամբար կառուցել, ինչը նշանակում է ոչնչացնել Որոտան գետը»:
Նա նշեց, որ գետի ջուրը գալիս, լցվում է Սպանդարյան ջրամբարը, իսկ գետի աջ և ձախ ափերին ծանր մետաղների առկայությունը նշանակում է աղտոտել նաև այս ջրամբարը:
Ըստ ծրագրի` որոշված է, որ Որոտան գետի աջ ափին հանք է շահագործվելու, ձախ ափին կառուցվելու է պոչամբար. «Պոչամբարի տակ կառուցելու են բետոնե շերտ, սակայն այդ հսկայական ծավալի պոչամբարը հավերժ չէ և մի ցնցումից կարող է ճաքել, իսկ ծանր մետաղներով հագեցած ջուրը` լցվել գետը»:
Նա նշեց, որ պոչամբարի համար 100 տոկոսանոց հսկողություն հնարավոր չէ, իսկ գետի շրթունքին չի կարելի հանք շահագործել, առավել ևս` պոչամբար կառուցել:
Հակոբ Սանասարյանի հավաստմամբ` բազմամետաղային հանքավայրերի ծանր մետաղների թողած հետևանքները կարող են անդառնալի լինել: Դրանց ազդեցությունից առաջանում են մի շարք հիվանդություններ, ժառանգական խաթարումներ, հրեշածնություն և այլն: Այդպիսի հիվանդություններ նույնիսկ կենդանիների մոտ են առաջանում, այլ կերպ ասած` ծանր մետաղները կյանքի թույն են. «Եթե պայթեցումներ են կատարվելու, միլիոնավոր տոննաներով ապարներ են լցվելու այստեղ-այնտեղ, ապա խախտվելու է այս տարածքի էկոհամակարգը»:
Նա վերջում նշեց, որ սա անպայման կազդի Ջերմուկի` առողջարանային գոտի լինելու վրա, քանի որ մի վայրում, որտեղ հանք է շահագործվում, հազիվ թե մարդիկ ցանկանան բուժվել:






































