Ավելի քան 500 մարդ մասնակցել է կամավոր դրամահավաքին, որի նպատակը եղել է ամերիկացի օդերևութաբանին արձակուրդ ուղարկելը։ Նա առանց հանգստի լուսաբանել, վերլուծել և մեկնաբանել է Տեխաս նահանգին պատուհասած «Հարվի» փոթորիկը։ Նշվում է, որ օդերևութաբանը հրաժարվել է իր համար հավաքված 17 հազար դոլարից։ Այս մասին ասվում է Go fund me դրամահավաքային հարթակի կայքում։
Մեկ օրում արշավին մասնակցել է 513 մարդ՝ հավաքելով 17 հազար դոլար, մինչդեռ նախատեսված էր հավաքել ընդամենը 4000 դոլար։ Օդերևութաբան Լինդները հրաժարվել է ընդունել նվերը՝ ասելով, որ ինքը հանդիսանում է պետծառայող, իսկ պետծառայողին արգելված է 100 դոլարից թանկ նվեր ընդունելը։ Նա առաջարկել է գումարն ուղղել ջրհեղեղից տուժածների օգնությանը։









































