Երեկ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարել էր, որ ՀՀ ԱԺ օրակարգում, որքան գիտի, արդեն իսկ մի օրինագիծ կա, որը վերաբերում է Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված պատժաչափերի մեղմացմանը: Այդ օրինագծի ընդունման պարագայում մոտ 1000 դատապարտյալ վաղաժամկետ ազատ կարձակվի: Այսօր փորձեցինք նրանից ճշտել, թե խոսքը կոնկրետ որ հոդվածների մասին է, ինչին ի պատասխան՝ արձագանքեց. «Պետաիրավական հանձնաժողով կա, պետք է զանգեք այնտեղ, Նահապետյան Կորյունից հետաքրքրվեք: Ես գիտեմ՝ այդ նախագիծը կա, բայց չեմ կարդացել: Ես չեմ նայել, հետևաբար չեմ կարող ասել, թե խոսքը որ հոդվածների մասին է»: