Ահաբեկիչ մահապարտները գրոհել են Բաղդադից հյուսիս գտնվող էլեկտրակայանը, ինչի հետևանքով մահացել է 7 մարդ, ևս 12-ը վիրավորվել են: Այս մասին հաղորդել է Իրաքի անվտանգության կառույցի ներկայացուցիչը՝ փոխանցում է I24news.tv-ն:
Նռնակներով զինված և գոտիներ կապած 3 մահապարտներ Սամարայում ներխուժել են էլեկտրակայան՝ Իրաքի մայրաքաղաքից մոտ 100 կմ հյուսիս:
«Նրանք հարձակվել են կայանի աշխատակիցների վրա: Նախնական տվյալներով՝ զոհվել է 7 մարդ, ևս 12-ը՝ վիրավորվել»,- հաղորդել է իրաքցի պաշտոնյան անանունության պայմանով:
Դեպքի վայր ժամանած անվտանգության ուժերը սպանել են հարձակվողներից երկուսին և տարհանել աշխատակիցներին:
Առայժմ ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:








































