Հայ-թուրքական հաշտեցման նոր նախաձեռնությունն այսօր քիչ հավանական է, քանի որ դա կախված է մի շարք հանգամանքներից ոչ միայն Հայաստան-Թուրքիա երկխոսության շրջանակներում, այլև տարածաշրջանային և միջազգային մի շարք գործոններից: Բայց եթե նման հնարավորություն լինի, Հայաստանը միանշանակ պետք է օգտվի առիթից և փորձի կանոնակարգել հարաբերությունները հարևան պետության հետ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ խոսելով 2008-2010թթ. «ֆուտբոլային դիվանագիտության» մասին, որը սկսվել էր Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման նպատակով:
Ուղիղ 8 տարի առաջ հայկական և թուրքական կողմերը նախաստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, որոնք հետո՝ 2009թ. հոկտեմբերի 10-ին, ստորագրվեցին Ցյուրիխում, բայց հաշտեցման գործընթացն այդպես էլ չհասավ իր ավարտին:
Որքանո՞վ էր հայկական կողմը հաշվարկել իր քայլերը Թուրքիայի հետ բանակցություններում և կարո՞ղ էր արդյոք կանխատեսել, որ գործընթացը կտապալվի: Պատասխանելով այս հարցին՝ դիվանագետ Արման Նավասարդյանը նշեց, որ քաղաքականության մեջ ամեն ինչ հաշվարկելը պրոբլեմատիկ է, իսկ կանխատեսելը՝ անշնորհակալ գործընթաց, հատկապես այնպիսի հարևանի հետ, ինչպիսին Թուրքիան է։
«Հայկական կողմը հավանաբար առաջնորդվել էր կարդինալ Ռիշելյոյի այն պոստուլատով, որ «բանակցությունը պետք է լինի մշտական (Լes negotiations permanents)՝ անգամ, եթե դուք պատերազմում եք տվյալ պետության հետ»։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կբերեր մի քանի կարևոր քաղաքական-տնտեսական դիվիդենդներ. առևտրատնտեսական, քաղաքական անվտանգության և տարածաշրջանային ինտեգրացիոն զարգացման։ Սահմանի բացումը կարևոր, լրացուցիչ միջանցք կհանդիսանար մեզ համար արտաքին աշխարհի հետ կապվելու համար»,- մեկնաբանեց Արման Նավասարդյանը:
Հարցին, թե ընդհանրապես հնարավո՞ր էր հասնել դիվանագիտական հարաբերությունների հաստատման Թուրքիայի հետ, դիվանագետը պատասխանեց. «Թուրքիան ի սկզբանե երկու պայման էր դրել Հայաստանի առաջ՝ հրաժարվել Եղեռնի ճանաչումից և Ղարաբաղի ինքնորոշումից (այս երկու պայմանը նախագահ Օզալը իմ միջոցով դեռ 1992 թվին Ստամբուլում խնդրեց փոխանցել Լևոն Տեր-Պետրոսյանին)։ Այս երկու պայմանները, որոնք այսօր էլ դնում են թուրքերը, իմ կարծիքով, հավասարազոր չեն։ Անկարան անհրաժեշտության դեպքում, թերևս, հրաժարվի ղարաբաղյան պայմանից։ Նրա համար առաջնայինը հայկական կողմից Եղեռնից հրաժարվելն է, քանի որ դրա ճանաչումն իր հետ կբերի այնպիսի հետևանքներ, որոնք հակասում են Թուրքիայի ներկա աշխարհաքաղաքական և պանթյուրքական նկրտումներին»։
Այդուհանդերձ, մեր զրուցակիցն անիմաստ չի համարում հարևանի հետ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի փորձը:
«Եթե անգամ Հայաստանի մասնակցությունը հայ-թուրքական հաշտեցման գործընթացին արդյունք չտվեց, ապա ոչ էլ վնասեց մեր երկրի հեղինակությանը: Խաղաղության մեկնած ձեռքը երբեք չի վնասել այն նախաձեռնողին»,- նշեց Արման Նավասարդյանը:
Լուսանկարը՝ Photolure-ի











































