ԵԽԽՎ պատվիրակության ԲՀԿ-ական անդամները հետ չմնալով իրենց հանրապետական գործընկերներից «անչափ տգեղ և անթույլատրելի» են որակում միջազգային ամբիոնից Զարուհի Փոստանջյանի հնչեցրած հարցն ու դրա շուրջ ծագած աղմուկը: Պարզապես չի հասկացվում, թե ԲՀԿ-ականները հատկապես ինչն են «տգեղ և անթույլատրելի» համարում՝ Սերժ Սարգսյանի խաղամոլության վերաբերյալ հարցը հենց ԵԽԽՎ ամբիոնից հնչեցնե՞լը, թե՞ հարցն առհասարակ: Դժվար է հավատալ, որ երկրորդ տարբերակն է վրդովեցրել ԲՀԿ-ականներին, քանի որ, ինչպես հայտնի է, նրանց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մայրն էր ժամանակին բարձրաձայնել, տիկին Ռոզա Ծառուկյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի խաղամոլության մասին: Կրկին ոչ պակաս բարձր ամբիոնից` մամուլով:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ, երբ լրագրողը տիկին Ծառուկյանից հետաքրքրվել էր, թե ճի՞շտ են այն կարծիքները, որ Ծառուկյանները հարկերը թաքցնում են, հետո դրանով բարեգործություն անում, տիկին Ծառուկյանը այսպիսի պատասխան էր տվել. «Շատ էլ լավ ենք անում, եթե էդքան բանը բաշարում ենք, ուրեմն լավ ենք անում: Հարկ տամ, որ գնան «Մոնտե Կառլոյում» խաղա՞ն…»:
ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը չցանկացավ անդրադառնալ այս հարցին: «Քաղաքական, պետական բնույթի հարցեր ունե՞ք, տվեք՝ մեկնաբանեմ, այդպիսի հարցերի կոմպետենտ չեմ, ոչ էլ ցանկություն ունեմ պատասխանելու»,- ասաց նա՝ ավելացնելով. «Երկրում ճգնաժամ կա, ու կարծում եմ՝ դրա ու դրանից դուրս գալու վրա ավելի շատ ջանքեր և ուշադրություն է պետք դարձնել, քան թե նման երկրորդական երևույթների»:
Սերժ Սարգսյանի խաղամոլության մասին ժամանակին բարձրաձայնել էր նաև Վիկտոր Դալլաքյանը, ով ներկայումս նախագահի ներկայացուցիչն է Ազգային ժողովում: «Հիմա ձեր աշխատավարձը խի՞ ա ցածր, ձեր թոշակները խի՞ ա ցածր, որովհետև երբ որ Սերժ Սարգսյանը «Մոնտե Կառլո ա» գնում ու կոնը պիտի խաղա` 50 հազար դոլար ա կոնը: Հասկանո՞ւմ եք՝ էդ ինչ ա նշանակում: Էդ լրիվ ձեր փողերն ա…»- ասել էր նա:
Ի տարբերություն ԲՀԿ-ականների՝ Դալլաքյանն այս օրերին ծանր ժամանակներ է ապրում ու ամեն ինչ անում, միայն թե ճանապարհը չխաչվի լրագրողների հետ: Հեռախոսազանգերին էլ չի պատասխանում: «Հեռախոսով հարցերի չեմ պատասխանում»,- ասաց նա և անջատեց հեռախոսը, երբ փորձում էինք որոշ մեկնաբանություններ ստանալ նրանից կատարվածի առնչությամբ:
Դալլաքյանը բավական անհարմար դրության մեջ է հայտնվել, քանի որ Զարուհի Փոստանջյանը ներկայումս հղում է անում հենց իր խոսքերին: «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ունի՞ ստույգ փաստեր իր պնդումների վերաբերյալ, Փոստանջյանը պատասխանել է. «Ես հղում կկատարեմ Սերժ ՍարգսյանիԱզգային ժողովում ներկայացուցչի կողմից մատնանշված խաղամոլության վերաբերյալ պնդմանը։ Դա նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանն է, ով ինքն անձամբ այդ մասին հրապարակավ հայտնել է և այսօր էլ հանդիսանում է Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը Հայաստանի Ազգային ժողովում»:
Կատարվածը և դրա նկատմամբ քաղաքական տարբեր ուժերի, մեղմ ասած, զգուշավոր կեցվածքը թերևս հենց այս նկատառումներով են. Սերժ Սարգսյանին խաղամոլության մեջ մեղադրելուց առաջ նախ հընթացս զննում են իրենց կուսակիցների վարքագիծը:












































