Եթե Արևմուտքն ընդուներ Մոսկվայի առաջարկը, ապա ԼՂ հակամարտությունը վաղուց կարգավորված կլիներ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը հանդիսանում է պատասխանատու երկիր, որը խիստ հանձնառու է այն հռչակագրերին, որոնք ընդունվել են վերջին 20 տարում ԵԱՀԿ-ում և ՌԴ-ՆԱՏՕ խորհրդում։ «Այդ հռչակագրերում պարունակվում է կողմերի ցանկությունը՝ ձևավորելու Եվրաատլանտիկայում և Եվրասիայում հավասար անվտանգության տարածք, ինչպես նաև վստահեցում, որ մեզնից ոչ ոք չի ցանկանում ամրապնդել իր անվտանգությունը՝ այլոց անվտանգության ոտնահարման հաշվին»,- նշել է նա։ Լավրովն ափսոսանք է հայտնել, որ այդ հռչակագրերն «այդպես էլ մնացել են թղթի վրա»։ «Ես համոզված եմ, որ եթե հավասար, անբաժանելի անվտանգությունն իսկապես ընդուներ իրավաբանորեն պարտավորեցնող ձև, ապա շատ հակամարտություններ, որոնք հիմա պահպանվում են Եվրոպայում, վաղուց արդեն կարգավորված կլինեին»,- ասել է Լավրովը։ Նրա կարծիքով՝ դա վերաբերվում է նաև Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հակամարտությանը։
Եթե մի կողմ դնենք Լավրովի խոսքի դիվանագիտական ձևակերպումները, նա մոտավորապես ասում է, որ Ռուսաստանն Արևմուտքին գործարք է առաջարկել, որի իմաստն այն է, որ աշխարհը բաժանվի ազդեցության գոտիների, այսինքն` վերականգնվի այն վիճակը, որը կար Սառը պատերազմի տարիներին: Իհարկե, Մոսկվայում դրան նրբանկատորեն տալիս են «բազմաբևեռ աշխարհ» ձևակերպումը, սակայն դրանից ռուսաստանյան առաջարկի բովանդակությունը չի փոխվում, որովհետև Մոսկվան ցանկություն է ունեցել, որպեսզի ՆԱՏՕ-ն, ԵԱՀԿ-ն, արևմտյան մյուս կառույցներն լեգիտիմացնեն Մոսկվայի, ըստ էության, կայսերական անբիցիաները հետխորհրդային տարածքում, իսկ գուցե նաև` Արևելյան Եվրոպայի մի հատվածում: Բնականաբար, այդ պարագայում Ռուսաստանը միանգամայն լեգիտիմ իրավունքով հետխորհրդային պետություններին կպարտադրեր զարգացման իր մոդելը` նրանց զրկելով զարգացման այլընտրանքից ու Արևմուտքի աջակցությունից: Այդ պարագայում Մոսկվան կարիք չէր ունենա «բորբոքել» հակամարտությունները` պետությունների քաղաքականության վրա ազդելու նպատակով:
Որպեսզի ընթերցողների մոտ թյուրըմբռնում չառաջանա, ապա հատուկ նկատենք, որ «ԼՂ հակամարտության կարգավորում» ասելով` Ռուսաստանի իշխանությունը պատկերացնում է ոչ թե խնդրի համապարփակ, կայուն խաղաղություն երաշխավորող լուծումը, այլ այնպիսի ստատուս-քվոյի հաստատումը, որը թույլ կտա հակամարտության գոտում տեղակայել ռուսական զորքեր: Հենց այդ փիլիսոփայությունն է դրված նաև կարգավորման ռուսական նախաձեռնություններում` Կազանի կամ Լավրովի պլաններ: Դրանք, ի տարբերություն Մադրիդյան սկզբունքների, ենթադրում են ոչ թե անվտանգության միջազգային երաշխիքներ, այլ` բացառապես ռուսական, ինչը ենթադրում է վերջինիս ռազմական ներկայությունը հակամարտության գոտում: Լավրովի խոսքից ենթադրվում է, որ ռուսական այս նախաձեռնությունները տապալվել են Արևմուտքի անհամաձայնության հետևանքով: Փաստորեն, Արևմուտքն ուղղակի կամ անուղղակի դարձել է Արցախի անկախության և անվտանգության, առնվազն` այսօրվա ստատուս-քվոյի երաշխավորը:












































