Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո Սիրիայում խաղաղությունն անհնարին է նախագահ Բաշար Ասադի օրոք։
«Մենք չենք կարող խաղաղություն կառուցել Բաշար Ասադի հետ»,-հայտարարել է Լե Դրիանը RTL ռադիոկայանի եթերում։
Նա կարծում է, որ Սիրիայում, ինչպես նաև Իրաքում, շուտով հնարավոր կլինի հաղթել ԴԱԻՇ-ին, սակայն հաղթանակի հստակ ամսաթվի մասին դեռևս վաղ է խոսել։
«Դա կարող է լինել տարեվերջին, մի քանի ամսից, գարնանը։ Սակայն ցանկացած դեպքում ԴԱԻՇ-ի դեմ հաղթանակ կտարվի»,-ասել է նա։
Լե Դրիանը հավելել է, որ երկրում անցումային քաղաքական գործընթացը պետք է անցկացվի նոր սահմանադրության և համընդհանուր ընտրությունների օգնությամբ։ Լե Դրիանի կարծիքով՝ Ասադին ստիպել հեռանալ կարող են ինչպես Ռուսաստանը, այնպես էլ համաշխարհային տերությունները։











































