Իրավիճակը Կորեական թերակղզում սրվել է և հավասարակշռվում է լայնածավալ հակամարտության եզրին, տարածաշրջանի խնդիրները պետք է լուծել երկխոսության օգնությամբ՝ առանց նախապայմաններ առաջ քաշելու՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Ռուսաստանի կարծիքով՝ հաշվարկն առ այն, որ կարելի է դադարեցնել Հյուսիսային Կորեայի հրթիռա-միջուկային ծրագրերը բացառապես Փխենյանի վրա ճնշմամբ, սխալ է և անհեռանկարային»,-գրել է Պուտինն իր հոդվածում, որը հրապարակվել է ԲՐԻԿՍ-ի երկրների առաջատար ԶԼՄ-ներում՝ Չինաստանում կայանալիք գագաթնաժողովի նախաշեմին։
Պուտինն ընդգծել է, որ խնդիրը պետք է լուծել երկխոսությամբ՝ առանց սադրանքների և ճնշման։
«Անհրաժեշտ է լուծել տարածաշրջանի խնդիրները բոլոր հետաքրքրված կողմերի ուղիղ երկխոսությամբ՝ առանց նախապայմանների։ Սադրանքները, ճնշումը, ռազմատենչ և վիրավորական հռետորաբանությունը ճանապարհ է, որը ոչ մի տեղ չի տանում»,-նշել է Պուտինը։









































