Իսրայելի Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանի աշխատակիցները վերցրել են երաժիշտ Ապո Սահակյանի կիթառը։ Նշվում է, որ նա բնակվում է Արևելյան Երուսաղեմում։ Նրան թույլ չեն տվել թռիչք կատարել կիթառով։ Այս մասին հայտնում է rusarminfo-ն։
Անվտանգության աշխատակիցները վերցրել են 4000 ֆունտ արժողությամբ կիթառը ստուգման համար և խոստացել այն հաջորդ չվերթով ուղարկել բրիտանական Լուտոն քաղաք։ Սակայն կիթառն այդպես էլ չի ուղարկվել երաժիշտին։
«Ես առանց կիթառի եմ մնացել ողջ հյուրախաղերի ընթացքում։ Բարեբախտաբար, Անգլիայի հայերն օգնել են ինձ նոր կիթառ գտնել։ Իսկ իմ կիթառն այդպես էլ չի ուղարկվել ինձ։ Գործիքը Բեն Գուրիոնի օդանավակայանից վերցրել են իմ հրեա ընկերները և փոխանցել ինձ Իսրայել վերադառնալիս»,-ասել է Ապո Սահակյանը։
Նրա խոսքով՝ անվտանգության աշխատակիցների մոտ կասկած է առաջացրել այն փաստը, որ ինքն Արևելյան Երուսաղեմից է։
«Արևելյան Երուսաղեմում բազմաթիվ հայեր են ապրում, իսկ իշխանական կառույցներւմ մեզ կասկածանքով են վերաբերվում։ Դա, իհարկե, անհեթեթ է։ Կասկածի որևէ պատճառ նրանք չունեն»,-ասել է երաժիշտը։
Ապո Սահակյանը հանդիսանում է Apo and the Apostles ռոք խմբի երաժիշտ։ Նա ծնվել ու մեծացել է Իսրայելում։






































