Առնվազն 10 մարդ է զոհվել, ևս 15-ը՝ վիրավորվել Մումբայի մերձակայքում եռահարկ բնակելի շենքի փլուզման հետևանքով։ Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը։
Փլատակների տակից դուրս է բերվել 25 մարդ։ Դեպքի վայրում փրկարարական գործողությունը շարունակվում է։ Փլուզման պահին շենքում կարող էր գտնվել 30-35 մարդ, ընդհանուր առմամբ շենքում ապրել է 11 ընտանիք։
Փլուզումը քաղաքի հարավային Դոնգրի շրջանում տեղի է ունեցել առավոտյան՝ ժամը մոտ 8.40-ին։ Տեղի ունեցածի հստակ պատճառները հայտնի չեն, սակայն խոսքը 50 տարվա շենքի մասին է։ Բացի այդ, դեպքը տեղի է ունեցել երկու օր տեղացած հորդառատ անձրևներից հետո։








































