Երրորդմասցի Լյովիկի ու նրա ընկերների սպանության աղմկահարույց գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեցին դեպքի վայրի զննության որպես ընթերակա հանդես եկած վկաները, գրում է «Փաստինֆո»-ն:
Նրանցից մեկը՝ Վալոդ Խաչատրյանը, իր արտահայտությամբ՝ մեքենայի տակ գործ էր անում, երբ իրեն ասել են՝ մեկ րոպեով արի, գնացել է, ապա «մատը դրել են՝ ստորագրել եմ»:
Ըստ ընթերակայի, տեսել է, թե դաշտի մոտ ինչպես էին իրավապահները ինքնաձիգի համարը գրում՝ ինքնաձիգը գետնին դրած: «Զենքը փաթեթավորե՞լ են» պաշտպանական կողմի հարցին ի պատասխան վկան ասաց, որ չի տեսել:
Դրանից հետո երկրորդ անգամ կանչել են, «բերդի ճանապարհին» այլ ինքնաձիգ է տեսել, ստորագրել: Այստեղ էլ զենքի փաթեթավորելը չի տեսել: Ինքնաձիգը «գետնին դրած էր, վերցրեցին, համարը գրեցին»:
Մեղադրող Արամ Արամյանը հայտարարեց, որ վկան իրարամերժ, հակասական ցուցմունքներ է տալիս՝ նախ ասաց մեկ անգամ է գնացել, հետո պարզվեց երկրորդ անգամ էլ է գնացել, մեղադրողը պահանջեց ճշմարտացի ցուցմունք տալ:
Գործով բոլոր երեք ամբաստանյալների պաշտպան Լուսինե Սահակյանը առարկեց մեղադրողի դիտարկման դեմ՝ հայտարարելով, որ վկան ի սկզբանե ասել է, որ երկու անգամ է գնացել զննությանը, հակասություն չկա: Մեղադրողի համար ծանր է լսել իրականությունը, ո՞վ ասաց, որ ճշմարտացի ցուցմունք չի տալիս, ասաց Լուսինե Սահակյանը:
Ընթերական հայտարարեց, որ զննությանը մասնակցելու հետևանքով ֆինանսական կորուստ է կրել՝ չի կարողացել վերանորոգել մեքենան ու երթուղի դուրս գալ, դրա հետևանքով «պլանն իմ գրպանից եմ դրել»:
Նույն այդ զննությանը՝ մեկ ինքնաձիգի մասով մասնակցել է նաև ընթերակա, նախորդ ընթերակայի հարևան Մայիս Բեգոյանը: Նա հայտարարեց՝ «դեպքին չեմ եղել», թեև ոչ ոք նրան նման հարց չէր տալիս: Նա նաև հայտարարեց, որ ինքը զննության վայրում «ոչ բան չեմ տեսել»: Տեսել է զենքը՝ «մենակ տեսել եմ, որ փոքր ավտոմատ էր»: Վկան տեսել է, թե ինչպես են իրավապահները զենքի համարը գրում:
Տեսել է նաև, որ թերթ բերեցին, զենքը դրանով փաթաթեցին ու դրեցին ավտոմեքենան: Զենքի փաթեթավորումն ու կնքումը չի տեսել:
Ընթերական ասաց, որ «թուղթը տվեցին, ստորագրեցի՝ ինքը գրեց, ասաց ստորագրի»:
Հարցին, թե ընթերակա, իր հարևան Վալոդին տեսել է այնտեղ՝ ի նկատի ունեին, զննության վայրում, հնչեց պատասխանը՝ այո, տեսել եմ, մեքենայի տակ գործ էր անում:
Ի պատասխան պաշտպանական կողմի հարցի առ այն, որ դեպքի վայրի զննության արձանագրության մեջ նշված է՝ կցված է լուսանկարչական հավելված, դուք լուսանկարները տեսե՞լ եք, երբ ստորագրում էիք արձանագրությունը՝ երկու ընթերականերն էլ ասացին, որ լուսանկարներ չեն տեսել:
Ընթերակաները դատարանում հարցաքննվում էին պաշտպանական կողմի միջնորդությամբ: Դատարան չէր ներկայացել երկու ընթերակա՝ նրանցից մեկը, ըստ տեղեկությունների, Հայաստանում չէ, մյուսը դատապարտված է, այսինքն՝ ըստ ամենայնի գտնվում է կալանավայրում: Դատարանը մինչև հաջորդ նիստը կպարզի, թե արդյոք առաջինը Հայաստանո՞ւմ է, թե՞ ոչ, իսկ երկրորդը ո՞ր քրեակատարողական հիմնարկում է, և միջոցներ կձեռնարկի նրանց ներկայությունն ապահովելու համար:







































