ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Ջերմուկում մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են 2014թ. բյուջետավարման գործընթացի հետ կապված հարցեր:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ՀՀ ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը մարզպետներին տեղեկացրեց 2014թ. ֆինանսական տարում փոփոխությունների, մասնավորապես` հուլիսի 1-ից սպասվող նվազագույն աշխատավարձի բարձրացման, 2014թ. պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների հաշվարկման սկզբունքների մասին:
Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց հաշվարկել նշված փոփոխություններով պայմանավորված ծախսերը, և հաշվարկները ներկայացնել կառավարություն: Նշվել է, որ կառավարությունը նախատեսում է նվազագույն աշխատավարձերի բարձրացմամբ պայմանավորված ծախսերի դեֆիցիտը նպատակային սուբվենցիաների միջոցով ծածկելու հնարավորությունը:
Ինչ վերաբերում է ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների հաշվարկման կարգին, ապա տեղեկացվեց , որ 2014թ-ի համար ևս կառավարությունն առաջարկում է այն հաշվարկվել նախորդ տարվա սկզբունքով, սակայն գալիք տարիներին արդեն հաշվարկը արվելու է` հիմնվելով Բնակչության պետական ռեգիստրի տվյալների վրա:
Այս կապակցությամբ փոխվարչապետը կարևորել է համայնքների ղեկավարների և ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ աշխատանքը` բնակչության թվաքանակի տվյալների ճշգրտման ուղղությամբ: Նա մարզպետներին հանձնարարել է առաջիկայում հրավիրել մարզխորհրդի նիստեր` այս և բյուջետային խնդիրների հետ կապված հարցերը քննարկելու նպատակով:
Տեղեկություններ է ներկայացվել մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման չորրոդ ծրագրի ընթացքի մասին: Մարզպետները նշել են, որ նախատեսված աշխատանքները հիմնականում կատարված են, և մինչև հոկտեմբերի վերջ ընթացքի մեջ գտնվող բոլոր ծրագրերն ավարտին կհասցվեն:
Քննարկվել է հողօգտագործողներին 2013 թ. աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով ազոտական պարարտանյութի բաշխման ծրագրի ընթացքը: Զեկուցվել է, որ արդեն բաշխվել է սահմանված քանակի կեսից ավելին, հաջորդ շաբաթ նախատեսվում է, որ բաշխումն ամբողջությամբ կավարտվի: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել է վերագնահատել ըստ մարզերի նեկայացված պահանջարկը, և հայտագրված քանակից շեղումների դեպքում` տեղեկացնել կառավարությանը` վերաբաշխում կատարելու համար:
Ներկայացվել են նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2013թ. ինն ամիսների ցուցանիշները: Սեփական եկամուտների կատարողականը կազմել է 93,7 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը 10,3 տոկոս է: Փոխվարչապետը մարզպետների ուշադրությունը հրավիրեց հողի հարկի կատարողականի ցուցանիշների վրա, որը կազմել է 87,4 տոկոս: Նա ընդգծել է եկամուտների նախատեսված ծավալի ամբողջական հավաքագրման անհրաժեշտությունը` անթույլատրելի համարելով ապառքների կուտակումը:
Մարզպետներին տեղեկություններ է ներկայացվել նաև հանրային սպասարկման կենտրոնների ստեղծման նախաձեռնության մասին, որը ենթադրում է մի շարք ծառայությունների մատուցում «մեկ պատուհանի» սկզբունքով:Առաջարկվել է ծանոթանալ հայեցակարգի նախագծին և առաջարկություններ ներկայացնել:
Քննարկվել են նաև հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի կազմակերպչական հարցեր: Նկատելով, որ համաժողովը լավ հնարավորություն է Ռուսաստանի գործընկեր տարածաշրջանների հետ շփումները խորացնելու համար` փոխվարչապետը մարզպետներին նաև հանձնարարեց առաջարկներ ներկայացնել` կոնկրետ գործընկեր տարածաշրջանների հետ համագործակցության և համաժողովի օրակարգի վերաբերյալ: :
Քննարկվել են նաև ընթացիկ մի շարք այլ հարցեր:








































