Օգոստոսի 29-ին լրանում է հայ-ռուսական Ռազմավարական դաշնակցության, այսպես կոչված՝ Մեծ պայմանագրի կնքման 20-ամյակը, ինչի կապակցությամբ Սերժ Սարգսյանն ու ՌԴ նախագահ Պուտինը փոխանակել են շնորհավորական ուղերձներ:
Հայ-ռուսական այդ պայմանագրի համար Ռուսաստանին գուցե իսկապես արժե շնորհավորել, քանի որ այդ պայմանագրի հիմքով Ռուսաստանը գործնականում սկսեց քայլ առ քայլ Հայաստանը վերադարձնել ազդեցության այն տիրույթ, որից դուրս էր եկել կամ դուրս էր գալիս ԽՍՀՄ փլուզումից հետո: Ռուսաստանն աստիճանաբար իր գերազդեցությունը հաստատեց Հայաստանում, կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում՝ քայլ առ քայլ մեծացնելով Հայաստանի կախվածությունն իրենից:
Բնականաբար, դրան էր նպաստում նաև Հայաստանի, այսպես ասած, ներքին կարգը, որտեղ ժողովրդավարությունը աստիճանաբար դադարեց լինել գերակա ուղղություն, որտեղ կյանքի նորմ էր դառնում համապետական ընտրակեղծիքը, որտեղ իշխանությունն աստիճանաբար սերտաճում էր խոշոր կապիտալի հետ, հանրությունը դուրս էր մղվում իշխանությունը վերահսկելու հնարավոր տիրույթներից, պաշտոնական դիրքերում հայտնվում էին ոչ թե պետական ծառայության ներուժ ունեցողները, այլ նրանք, ովքեր ունեին համակարգի վերարտադրություն ապահովելու ներուժ:
Այդ ամենը ոչ միայն թուլացրեց Հայաստանի պետականությունը, քայքայեց պետական աշխատանքի կարևորագույն հիմնասյուներն ու ըստ այդմ նաև՝ արտաքին անկախ քաղաքականություն վարելու հնարավորությունը, այլև գործնականում անկախության հետ հույսեր կապող, երազանքներ փայփայող, պատերազմ հաղթած հասարակությանը բերեց մի վիճակի, երբ սկսեց իշխել մտայնությունը, որ Հայաստանն առանց Ռուսաստանի ուղղակի կկործանվի:
Փոխարենը հանրությանն այդ վիճակին հասցրած «էլիտան» ապահովեց ինքն իրեն որևէ ռիսկից՝ ռուսական կայսրության շահերին մատուցած իր ծառայությունների դիմաց ստանալով իշխանության գրեթե ցմահ երաշխիք: Հայ-ռուսական հարաբերություն ասվածը ներկայումս բնորոշվում է ոչ թե դաշնակցային և միջպետական բնույթով, այլ «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» գայլային սկզբունքով, և ներկայումս ուղղակի ակնառու է այն պարզ իրողությունը, որ Հայաստանը Ռուսաստանի հետ բարեկամություն է անում ոչ թե հանուն ձեռքբերումների, հնարավորությունների, հանուն զարգացման ներուժի, այլ որովհետև չանելու դեպքում վախենում է պատժից, վախենում է վրեժից, վախենում է մահակից; Ասինքն՝ գործ ունենք դաշնակցության մի առանձնահատուկ, յուրօրինակ ձևի հետ՝ դաշնակցություն հենց դաշնակցից ունեցած վախից:
Եվ այդ իմաստով, ամեն ինչ ասում է պայմանագրի 20-ամյակի վերաբերյալ Պուտինին շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանի առաջին նախադասությունը՝ «անցած ժամանակահատվածը վստահորեն փաստում է, որ պայմանագիրը համապատասխանում է եղբայրական ժողովուրդների պատմական ավանդույթներին»:
Ուշադրություն՝ ոչ թե շահերին, ոչ թե հեռանկարներին, մարտահրավերներին, ռիսկերին և այլն, այլ «պատմական ավանդույթներին»: Իսկ որո՞նք են այդ ավանդույթները, կամ կա՞ն այլ ավանդույթներ, քան Հայաստանի շահերի և անվտանգության հաշվին խնդիրներ լուծելու ռուսական քաղաքականությունը, ինչի համար հայ ժողովուրդը ստիպված է եղել վճարել իր թե՛ պատմական տարածքներով, թե՛ կյանքերով:
Ընդ որում, ընդամենը մեկ տարի առաջ ապրիլյան պատերազմը վկայեց, որ այդ «պատմական ավանդույթները» իսկապես շարունակվում են, նաև Ադրբեջանին մատակարարվող հսկայածավալ քանակի մահաբեր սպառազինությամբ: Դրա մասին հայ-ռուսական Մեծ պայմանագիրն, իհարկե, լռում է:











































