Մեքսիկայի կենտրոնական նահանգներից մեկում՝ Իդալգոյում, արդեն 77 մարդ է հիվանդացել խոլերայով: Իշխանությունները ձեռնարկում են հիվանդության տարածումը կանխարգելող միջոցառումներ:
Մեքսիկայի առողջապահության նախարար Մերսեդես Խուան Լոպեսի խոսքով՝ նահանգի իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի հիվանդությունը չտարածվի:
Հիվանդներից միայն 9 մարդ է մնացել հիվանդանոցներում, մյուսները բուժվում են ամբուլատոր պայմաններում՝ հայտնում է RIA Novosti-ն:
Մինչ այժմ հիվանդության տարածման հստակ պատճառը հայտնի չէ: Մասնագետները նշում են, որ, հավանաբար, հիվանդությունը տարածվել է աղտոտված ջրի միջոցով: Իշխանությունները կոչ են անում օգտագործել միայն մաքուր ջուր:








































