Օրերս դերասան Դենիել Ռեդկլիֆը, ով մարմնավորել է հրաշագործ Հարի Փոթերին, խոստովանել է, թե ինչ գնով է համաշխարհային հռչակ ու 50 մլն ֆունտ սթեռլինգ հոնորար ձեռք բերել, հայտնում է 7days.ru-ն:
Բրիտանական The Daily Mail տաբլոիդին տված հարցազրույցում Ռեդկլիֆն ասել է, որ Հարի Փոթերի մասին ֆիլմերի նկարահանումներն իրեն իսկական խելացնոր են դարձրել:
«Մի քանի տարի շարունակ ես կարգին չեմ քնել ու աշխատել եմ 90 ժամ շաբաթական: Ինձ մշտապես հետևել է միևնույն միտքը. «Իսկ եթե հանկարծ մարդիկ մտածեն, որ ես արժանի չեմ այս դերին… Որ ես 11 տարեկանում հայտնի եմ դարձել ինչ-որ կապերի միջոցով»: Ստիպված եմ եղել շատ աշխատել, որպեսզի հանդիսատեսն ըստ արժանվույն գնահատի իմ աշխատանքը: Եվ դա, խոստովանեմ, ինձ դանդաղ սպանում էր: Ուժ չկար միշտ համապատասխանելու»,- խոստովանել է դերասանը:
Նա նաև հայտարարել է, որ հենց լարված գրաֆիկն է դարձել իր ալկոհոլային կախվածության գլխավոր պատճառը. «17 տարեկանում ես կախվածություն ձեռք բերեցի ալկոհոլից: Խմելն ինձ համար դարձավ գլխիցս չարքերին վռնդելու հրաշալի միջոց: Որքան էլ տխուր հնչի՝ դեռահասության տարիքում ես հենց այդ կերպ էի թուլանում»:







































