Microsoft կորպորացիան բանակցություններ է վարում HTC-ի հետ՝ իր Android սմարթֆոնները երկրորդ օպերացիոն համակարգով՝ Windows-ով զինելու հարցի շուրջ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Թերրի Մեյերսոնը, ով օպերացիոն համակարգերի հարցերով Microsoft-ի տեխնիկական խմբի ղեկավարն է, անցած ամիս առաջարկով դիմել է թայվանական HTC-ին:
Աղբյուրների փոխանցմամբ՝ Microsoft-ն առաջարկում է կրճատել կամ լիովին հրաժարվել իր օպերացիոն համակարգի լիցենզիոն վճարից, ինչը պետք է ընկերության առաջարկն ավելի գրավիչ դարձնի: Բանակցությունները դեռևս նախնական փուլում են, որևէ որոշում չի ընդունվել:
Strategy Analytics վերլուծական ընկերության տվյալներով՝ 2013-ի օգոստոսի դրությամբ Android օպերացիոն համակարգի մասնաբաժինը սմարթֆոնների համաշխարհային շուկայում կազմել է 80 տոկոս: Երկրորդ տեղում Apple-ի iOS-ն է՝ 14 տոկոս, իսկ երրորդում՝ Microsoft-ը՝ 4 տոկոս մասնաբաժնով:






































