Մինչ Հայաստանի հասարակությունը տապակվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի տաքացրած հին յուղի մեջ, Հոգլանդի հայտնի հայտարարությունների համատեքստում, և մինչ փորձ էր արվում հասկանալ, գուշակել Հոգլանդի հայտարարության շարժառիթը, նպատակը, դրա կապը Սոչիում Պուտին-Սարգսյան հանդիպման կամ այլ գործոնի հետ, Հայաստանի կառավարությունում հավանության արժանացավ մի բավական ուշագրավ նախագիծ՝ Հայաստանի «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ը հավատարմագրային կառավարման հանձնվեցին «Տաշիր կապիտալ» ընկերությանը, ինչը նույնն է, թե ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանին: Բարձրավոլտ ցանցերը ռազմավարական նշանակության օբյեկտ են, որոնք ենթակա չեն սեփականաշնորհման կամ մասնավորեցման: Թեև ամեն ինչ, այսպես ասած, օրենքի ձեռքում է, իսկ օրենքն էլ՝ ՀՀԿ խորհրդարանական մեծամասնության:
Կառավարության որոշումն իհարկե ունի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական բաղադրիչ: Որքանով է տնտեսապես նպատակահարմար հավատարմագրային կառավարումը, իհարկե դժվար է ասել, սակայն դատելով Հայաստանում առկա նախադեպերից, մենք կարող ենք բերել երկու իրարամերժ օրինակ: Հավատարմագրային կառավարումը արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի գլխավորությամբ Հայաստանին բերեց ժամանակակից օդանավակայան, որն ուղղակի աչք է շոյում, և միևնույն ժամանակ հավատարմագրային կառավարումը ռուսական երկաթուղիների կատարմամբ Հայաստանում ոչինչ էլ ըստ էության չբերեց երկաթուղային համակարգում, այլ Հայաստանի բյուջեից ամեն տարի, իբրև վնասի փոխհատուցում, տարավ հարյուրավոր միլիոն դրամներ: Այնպես որ, զուտ տնտեսական առումով ամեն ինչ կախված է կառավարչի որակից, նպատակներից:
Ինչպիսի նպատակներ ունի «Տաշիր կապիտալ»-ը և ինչ նպատակներ ու որակներ ունի դրա սեփականատեր Սամվել Կարապետյանը: Այստեղ իհարկե ամեն ինչ սուբյեկտիվ է: Սամվել Կարապետյանը Ռուսաստանի ամենահաջողակ բիզնեսմեններից է, ներկայումս ամենահարուստ հայը ըստ Ֆորբսի դասակարգման: Հայաստանից մեկնել Ռուսաստան և հասնել այդպիսի հաջողությունների՝ տպավորիչ է: Միևնույն ժամանակ, ինչպե՞ս են Ռուսաստանում հասնում հաջողության: Այդ հարցը հռետորական է, քանի որ Ռուսաստանի տնտեսական և քաղաքական բարքերը, դրանց շաղկապվածությունը, իշխանության ու բիզնեսի սերտաճածության աստիճանը հայտնի է բոլորին: Եվ այս տեսանկյունից, իհարկե, քաղաքական իմաստով, մեղմ ասած առկա է հարց, թե արդյո՞ք Հայաստանի համար ռազմավարական նշանակության «Բարձրավոլտ էլցանցեր»-ի սեփականատերը ձևով կամ դե յուրե լինելով այսպես ասած ազգային կապիտալի ներկայացուցիչ, դե ֆակտո հանդիսանում է ռուսական համակարգի ներկայացուցիչ, դրանից բխող բոլոր հետևանքներով: Թեև, այստեղ իհարկե անհրաժեշտ է արձանագրել նաև կապիտալի այսպես ասած հայրենիք չունենալու հանգամանքը, և բուն խնդիրն իհարկե այն է, թե Հայաստանն իբրև պետություն ինչպես է կարգավորում բոլոր այն ոլորտները, որտեղ մենաշնորհային կամ գերիշխող դիրքով ներգրավվում է մասնավորը կամ որպես կառավարիչ, կամ որպես սեփականատեր:
Այստեղ էլ մենք հասնում ենք քաղաքական ասպեկտի մյուս, գուցե առանցքային մասին՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Սամվել Կարապետյանն այստեղ դե յուրե չկա, նա չունի կուսակցություն, կուսակցական չէ, քաղաքական գործունեություն չի ծավալում: Սակայն Սամվել Կարապետյանը դե ֆակտո քաղաքական դաշտում է և ներգրավված է ներկայումս Հայաստանի իշխանության վերադասավորման գործընթացում, վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ, իսկ ինքն էլ ստեղծել է նրա աջակցության այսպես ասած բազան՝ ներդրողների հայտնի ակումբը, որտեղ ներկայացված է ռուսական համակարգի պայմաններում հաջողության հասած հայկական բիզնեսի մի մասը:
Իսկ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը ոչ միայն ռազմավարական տնտեսական, էներգետիկ ենթակառուցվածք են, այլ նաև քաղաքական ռեսուրս, այդ թվում՝ աշխարհաքաղաքական, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը բարձրավոլտ էլեկտրագծեր է կառուցում Վրաստանի և Իրանի հետ, իսկ ԱՄՆ դեսպանն էլ հայտարարում է այն մասին, որ հայտնի 8 միլիարդ դոլարի ներդրումները իրատեսական են, իրականանալի են, եթե ազատականացվի էներգետիկ շուկան, Հայաստանից էներգիա արտահանվի Վրաստան և Իրան: Այդպիսով, Հայաստանում տեղի է ունենում ոչ միայն տնտեսական, այլ ներքաղաքական, ներիշխանական և աշխարհաքաղաքական գործարք, և Սամվել ու Կարեն Կարապետյանները ձեռք են բերում հերթական խոշոր տնտեսա-քաղաքական, համակարգային ռեսուրսը՝ «Գազպրոմ Արմենիա»-ին և «Հայաստանի էլցանցեր»-ին ավելանում է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր»-ը:
Սակայն այս դեպքում, իհարկե, խոսքը հավատարմագրային կառավարման մասին է, այսինքն՝ զարգացումը ըստ էության դեռևս ամբողջական չէ և իրավիճակի փոփոխությունը կարող է բերել կամ շարունակության, այսինքն՝ 2018-ից հետո իշխանության հսկիչ փաթեթը վերցնելու դեպքում Կարապետյանները գնան արդեն «Բարձրավոլտ էլցանցեր»-ն անգամ մասնավորեցնելու և դրանց հանդեպ սեփականության իրավունք ձեռք բերելու, կամ տեղի ունենա հակառակ գործընթաց: Մյուս կողմից՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական իմաստով Հայաստանում էներգետիկ համակարգում տեղի է ունենում յուրօրինակ զուգահեռ զարգացում: Մի կողմից իրենց ներկայացվածությունը ավելացնում են Կարապետյանները, մյուս կողմից՝ կարծես թե Սերժ Սարգսյանն է փորձում զուգահեռ սխեմաներ կառուցել հարավային ուղղությամբ, ներգրավելով Իրանն ու Թուրքմենստանը:
Չի բացառվում, որ մենք ականատես ենք դառնում ոչ միայն և գուցե ոչ այնքան վարչապետի այսպես ասած հեղհեղուկ աթոռի համար ներիշխանական երկու առանցքային թևերի դիմակայությանը՝ այս դեպքում էներգետիկ հարթության վրա, այլ ներիշխանական պայքարի՝ ԱՄՆ 8 միլիարդ դոլարի համար: Խորհրդանշական է, որ նախօրեին ընդունելով Թուրքմենստանի նախագահին, Սերժ Սարգսյանի առանցքային հայտարարություններից մեկն այն էր, որ Թուրքմենստանի նախագահը մտածում է ոչ թե միլիոնների, այլ միլիարդների նախագծերի մասին:







































