Զարուհի Փոստանջյանի՝ Ստրասբուրգում արած հայտարարության շուրջ կրքերը գնալով թեժանում են: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Զ.Փոստանջյանը ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին ելույթից հետո հարց ուղղելու ժամանակ հայտարարել էր, թե «նա ՀՀ նախագահի աթոռը զբաղեցրել է կազմակերպված հանցագործության՝ գողության հետևանքով, որի արդյունքում ԵԽԽՎ ամբիոնից չի կարող ներկայացնել հայ ժողովրդի կամքն ու իրավունքը, ուստի որոշել է այլ հարց տալ»: «Ճի՞շտ են արդյոք այն տեղեկությունները, որ վերջերս Եվրոպայի կազինոներից մեկում 70 մլն եվրո գումար եք կորցրել»,- հարցրել էր Ս.Սարգսյանին:
Հանրապետականների կեցվածքում որոշակի շփոթվածություն է նկատվում այս հայտարարության հետ կապված: Նրանց համար իրենց ղեկավարի հասցեին Եվրոպայի սրտում նման հայտարարություն լսելելը անակնկալ էր: Եվ նկատելի է, որ ՀՀԿ-ում որոշում են կայացրել Զ.Փոստանջյանի շուրջ անհավասարակշիռ գործչի տպավորություն ստեղծել: Համենայն դեպս, երեկ ու այսօր կարկառուն և ոչ կարկառուն ՀՀԿ-ականները նման հայտարարություններ են հնչեցնում «Ժառանգության» պատգամավորի հասցեին:
Իսկ շփոթվածությունը ՀՀԿ-ում ավելի շուտ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի դեպքում է, հենց այդ պատճառով էլ նա նախօրեին հապշտապ հայտարարեց, որ որոշել են փոփոխության ենթարկել ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմը և Զ.Փոստանջյանին իր այդ հայտարարության համար հեռացնել խմբից: Իշխանական կուլիսներում քննարկում են, որ Զ.Փոստանջյանի այդ հայտարարությունը Հ.Աբրահամյանի «կա՛մ պռավալն էր, կամ էլ՝ պադստավկան»: Երկու դեպքում էլ բացատրությունները ներկայացվում են:
«Պռավալի» դեպքում բացատրությունն այն է, որ Զ.Փոստանջյանին հարց տալու իր հերթը զիջել է Հ.Աբրահամյանի հովանավորյալ Արփինե Հովհաննիսյանը հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի ցուցումով: Վերջինս նույնպես ՀՀԿ-ում համավում է Հ.Աբրահամյանի ազդեցությունը կրող գործիչ: Եվ ստացվում է, որ ԱԺ նախագահի երկու մտերիմ մարդկանց միջոցով ԵԽԽՎ-ում և ողջ աշխարհում Ս.Սարգսյանը հայտնվում է բավականին անհարմար վիճակում: Դ.Հարությունյանը նախօրեին հայտնել է, որ ինքը տեղյակ չի եղել, թե Զ.Փոստանջյանն ինչ հարց պետք է տա Ս.Սարգսյանին և ոչ էլ թույլ կտար իրեն՝ նախապես ճշտելու հարցի բովանդակությունը: Նա իր այդ քայլը մեկնաբանել է ընդդիմության նկատմամբ իրենց կողմից քաղաքակիրթ վերաբերմունք դրսևորելով: Սակայն դժվար է հավատալ Դ.Հարությունյանի այս միամիտ խոսքերին: Եվ դժվար թե նա Զ.Փոստանջյանից չհարցներ, թե ինչ հարց է տալու, չէ՞ որ հարցը պետք է տրվեր Ս.Սարգսյանին և ոչ թե Իլհամ Ալիևին:
Իսկ Զ.Փոստանջյանը նույն ամբիոնից մեկ անգամ ապացուցել է, որ կարող է Ս.Սարգսյանին դնել անհարմար վիճակում: Եվ ասել, թե այս անգամ նա ՀՀԿ-ականների ականջը շոյող հարց կտար, շատ միամիտ կլինի: Այնպես որ, առանց կասկածելու կարելի է ասել, որ Դ.Հարությունյանը հարցի իրավունքը զիջելուց առաջ ճշտել է դրա բովանդակությունը: Գուցե Զ.Փոստանջյանը նախապես այլ հարց է ներկայացրել, որ այդ հնարավորությունը ստանա ու արդեն իր ցանկացած հարցը տա: Գուցե Դ.Հարությունյանը ի սկզբանե իմացել է, որ հենց այդ հարցն էլ տալու է:
Իշխանական շրջանակներում քննարկվում է նաև տարբերակը, թե Հ.Աբրահամյանի թիմը գուցե պլանավորել էր ԵԽԽՎ-ում «պադստավկա» անել Ս.Սարգսյանին: Եվ եթե իրականում նման սցենար է մշակվել, կարելի է ասել, որ այն հաջողությամբ է իրականացվել ԱԺ նախագահի մտերիմներ Դ.Հարությունյանի և Ա.Հովհաննիսյանի միջոցով:
Հայտնի են Հ.Աբրահամյանի՝ դեպի վեր սլացող ամբիցիաները, և հայտնի է նաև, որ նա 2011թ. մասնակից լինելով ներիշխանական ինչ-որ դավադրության՝ պաշտոնանկ է արվել: Ինչպես երևում է, դավադրությունները տարբեր մակարդակներում և տարբեր սցենարներով շարունակվում են: Եվ հիմա իշխանական կուլիսներում քննարկվում է հարցը, թե սա Հ.Աբրահամյանի «պռավա՞լը, թե՞ պադստավկեն» է Ս.Սարգսյանի նկատմամբ:
Այնպես որ, Զ.Փոստանջյանին ԵԽԽՎ պատվիրակությունից հեռացնելուց առաջ ճիշտ կլիներ պարզել, թե այդ ինչպե՞ս պատահեց, որ Զ.Փոստանջյանին նման հարց տալու հնարավորություն ընձեռնվեց:
Երրորդ վարկածի համաձայն՝ Զ.Փոստանջյանի միջոցով եվրոպական կառույցներն են փորձել Ս.Սարգսյանին անհարմար վիճակի մեջ դնել՝ Մաքսային միությանը անդամակցելու մասին նրա արած հայտարարության ու մոտ 4 տարի իրենց հետ բանակցություններ վարելուց հետո Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը ձախողելու պատճառով: Ամեն դեպքում, Զ.Փոստանջյանը գիտակցում էր, որ ինքը իշխանությունների հետ խնդիրներ կունենա իր այդ հայտարարության պատճառով և տվել է իր հարցը: Ավելին՝ նա նույնիսկ հակադարձել է Հ.Աբրահամյանին: «Եթե նման ապօրինի ոտնձգություն կլինի որևիցե մեկի կողմից, դա կունենա համահունչ պատասխան։ Մենք պատրաստ ենք, ցանկանո՞ւմ են պատերազմել, ինչպես բազմիցս նշել եմ, թո՛ղ փորձեն»,- սպառնում է նա։
Իսկ եվրոպական կառույցները տարբեր լծակներ ունեն ՀՀ իշխանություններին ու Հ.Աբրահամյանին «հորդորելու», որ Զ.Փոստանջյանի նկատմամբ ոտնձգություններ չանեն:









































