Պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցից հետո ծավալված համապետական աղմուկի մեջ ՀՀԿ-ականները աչքի են ընկնում առանձնակի դաժանությամբ: Նրանք դեռևս կոչ չեն արել խարույկի վրա այրել Փոստանջյանին, բայց ցասումի ևս մի քանի օր, և այդ կոչը կարող է նույնիսկ մեղմ թվալ: Ընդ որում, Հանրապետական կուսակցության անդամները կարծես թե մրցում են, թե ով առանձնակի դաժանությամբ կպաշտպանի Սերժ Սարգսյանի պատիվը Զարուհի Փոստանջյանից:
Գալուստ Սահակյան, Շարմազանով, Կարեն Ավագյան, Առաքել Մովսիսյան, Արմեն Աշոտյան և բազում ու բյուր ՀՀԿ-ականներ իրենց մտավոր կարողությունները ամբողջությամբ գործի են դրել Զարուհուն պարսավանքի ենթարկելու հանրապետական արշավին: Մեկն ասում է, որ ես Սերժ Սարգսյանի տեղը լինեի՝ այսպես կանեի, մյուսն ասում է՝ տեղը լինեի՝ այնպես կանեի, երրորդն ասում է՝ տեղը լինեի՝ այսպես-այսպես կանեի: Մի խոսքով՝ եթե հայտարարվի սարսափ-ֆիլմերի սցենարական մրցույթ, ապա ՀՀԿ-ականներից որևէ մեկը կարող է հաղթել: Իսկ ընդհանուր հաղթողը այս իրավիճակում լինելու է Սերժ Սարգսյանը: Եվ այդ հաղթանակի համար է, որ ՀՀԿ-ականների շրջանակում նման «սարսափ-ֆիլմերի» սցենարների մրցույթ է հայտարարվել:
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը ներկայումս փորձում է իրավիճակը շրջել հօգուտ իրեն և քաղել առավելագույն դիվիդենդներ Եվրոպայից, որի առաջ անհարմար վիճակում հայտնվեց:
Սերժ Սարգսյանն այսօր փորձում է ՀՀԿ-ականներից քամել առավելագույն ագրեսիվություն և անհանդուրժողականություն՝ Եվրոպային ցույց տալու համար, թե ինչ վայրենիների է ինքը փորձում սանձած պահել, և ինչ կլիներ Հայաստանում, եթե այդ վայրենի, անհանդուրժող ՀՀԿ-ական կոնգլոմերատի լծին չլիներ ինքը՝ հանդուրժող և մեծահոգի:
Այդ իսկ պատճառով ՀՀԿ-ականների հայտարարությունների մեծ մասում որպես պարտադիր կանոն կիրառվում է «եթե ես Սերժ Սարգսյանի տեղը լինեի» տարբերակը:
Որպեսզի ֆոնային համեմատությունը առավել հստակ լինի, և բոլորը, առաջին հերթին՝ եվրոպացիները, տեղեկանալով այս ամենին՝ ուղղակի ասեն՝ ինչ լավ է, որ սրանց տեղը Սերժ Սարգսյանն է կամ սրանց տերը Սերժ Սարգսյանն է: Ըստ որում, Սերժ Սարգսյանն այս հնարքը կիրառում է ոչ առաջին անգամ:
Այդ իմաստով ՀՀԿ-ն նրա համար իդեալական հենարան է, վայրի նժույգի նման, որին սանձելու համար Սերժ Սարգսյանն ակնկալում է ծափահարություններ կորզել Եվրոպայից:
ՀՀԿ-ն էլ այս վիճակին առանձնապես դեմ չէ՝ իհարկե, քանի որ Եվրոպայում հանուն Սերժ Սարգսյանի եվրոպական իմիջի վայրենի երևալով՝ ՀՀԿ-ն դրա դիմաց ներսում ստանում է անսահմանափակ իշխանություն:











































