ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահությունը ստանձնելուց մեկ օր անց Ադրբեջանը օգտագործում է այդ հարթակը Հայաստանի վրա հարձակում գործելու համար՝ մեղադրելով այն բանում, որ վերջինս սիրիացի հայերին վերաբնակեցնում է Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հաղորդում է Asbarez.com-ը՝ վկայակոչելով Agence France-Press գործակալությունը:
ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, որ Հայաստանը սկսել է «շատ վտանգավոր գործընթաց»՝ սիրիացի հայերին Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու միջոցով:
Օգոստոսին ադրբեջանական լրատվական գործակալությունները՝ վկայակոչելով սիրիացի ընդդիմադիրների կայքերը, հաղորդել են, որ սիրիացի ապստամբների շարքերում կռվում է շուրջ 60 ադրբեջանցի: Այդ աղբյուրների տվյալներով՝ Սիրիայում հակամարտության ընթացքում սպանվել է 30 ադրբեջանցի: Այդ նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Սիրիայում կռվող ադրբեջանցիների մեծ մասը Jaish al-Muhajireen wal-Ansar դիվերսիոն խմբավորման անդամներ են, որի առաջնորդը, ամենայն հավանականությամբ, ադրբեջանցի Աբու Յահան է:
Ադրբեջանում լրատվական աղբյուրներն իրենց հերթին հաղորդում են, որ շուրջ 400 ադրբեջանցիներ են կռվում Սիրիայում, Աֆղանստանում, Պակիստանում, այդ թվում՝ 3 կին:
Հայաստանը հայտարարել է, որ ընդունել է ավելի քան 10 հազար հայերի Սիրիայից: Սակայն ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը պնդում է, որ լուրերն այն մասին, թե սիրիահայերը բնակեցվում են Լեռնային Ղարաբաղում, սուտ են և խեղաթյուրված:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը սիրիահայերի հարցը բարձրացրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախորդ շաբաթ: Նրա խոսքերով՝ «սիրիացի հայերին ԼՂ-ում վերաբնակեցնելը ևս մեկ ապացույց է, որ Հայաստանը նպատակաուղղված կերպով վարում է ադրբեջանական հողերը բռնազավթելու քաղաքականություն»:
ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը AFP-ի գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հաղորդել է, որ Ադրբեջանը Սիրիան օգտագործում է իր քաղաքական նպատակների համար: Նրա խոսքերով՝ ադրբեջանական պնդումները սուտ են և իրականությանը չեն համապատասխանում:








































