ԱՄՆ-ի պարտքային պարտավորությունների դեֆոլտը լի կլիներ աղետալի հետևանքներով, և երկիրը կապրեր ամենախորն անկումը՝ նախորդ դարի «Մեծ դեպրեսիայից» ի վեր: Նույնիսկ դեֆոլտի սպառնալիքն է ինքնին չափազանց վնասակար և վտանգավոր ամերիկյան տնտեսության համար: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նման նախազգուշացումներ է պարունակում ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության նոր զեկույցը:
Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ դեֆոլտի հնարավորությունն անգամ կարող է հանգեցնել տների սեփականատերերի ակտիվների կտրուկ նվազմանը, բիզնեսի համար փոխառությունների արժեքի բարձրացմանը, ինչպես նաև վստահության նվազեցմանը մասնավոր սեկտորի կողմից:
Իսկ «աննախադեպ դեֆոլտի» դեպքում, նրանց խոսքերով, ամերիկյան տնտեսությունը կհայտնվի ռեցեսիայի մեջ: Զեկույցում նշվում է, որ արդեն կան նախանշաններն այն բանի, որ ներկայիս վեճերն ազդում են ֆինանսական շուկաների վրա:
«Դոլարը և ֆինանսների նախարարության պարտատոմսերը գտնվում են միջազգային ֆինանսական համակարգի կենտրոնում: Այն աղետալի դեպքում, եթե պետական պարտքի սահմանի հարցում փակուղին հանգեցնի ֆինանսների նախարարության պարտատոմսերի դեֆոլտի, ֆինանսական շուկաները կարող են ցնցվել մինչև հիմքը, ինչպես արդեն եղել է 2008թ. վերջին» ,- նշել են զեկույցի հեղինակները:
Այժմ գերատեսչությունն օգտագործում է իր տրամադրության տակ գտնվող վերջին միջոցները՝ երկրի պետական պարտքի սպասարկման համար: Նա արդեն նախազգուշացրել է, որ հոկտեմբերի 17-ին այդ միջոցները կսպառվեն: Եթե պետական պարտքի վերին շեմը մինչև այդ չբարձրացվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից, ապա դա կարող է հանգեցնել այն հետևանքներին, որոնց մասին խոսվում է զեկույցում:







































