Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրում Զոյա Զաքինյանի նախագահությամբ ընթանում է Արմենակ Հարությունյանի գործի դատական քննությունը:
Այս գործն ուշագրավ է երկու առումով. թե որտեղից է Հարությունյանը, ըստ մեղադրանքի, հավաքել վայրի կանեփը, ապա՝ թե ում է իրացրել «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը:
Այսպես ուրեմն, առաջադրված մեղադրանքի համաձայն՝ 42-ամյա Արմենակ Հարությունյանը 2012 թվականի ամռանը Իջևան քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցի հարակից տարածքում աճած վայրի կանեփի թփերից ապօրինի հավաքել, պատրաստել և իր ավտոտնակում պահել է զգալի չափի՝ 1,34 գրամ հաստատուն քաշով չորացված «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Իսկ 2012 թվականի մայիսին, մի խնջույքի ժամանակ Արմենակը հյուրասիրման եղանակով իր ընկերուհիներ Աստղիկին ու Անուշին իրացրել է թմրամիջոց:
Թմրամիջոց հյուրասիրվող աստղիկներն ու անուշները, ելնելով դատարաններում քննվող գործերից, ցավալիորեն շատացել են…
Արմենակ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին և 268 հոդվածի 1-ին մասերով: Նրա խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:







































