ԱՄՆ-ը կարող է սահմանափակել Իսրայելին և այլ երկրներին ցուցաբերվող ռազմական օգնությունը ֆինանսավորման բացակայության և դրան հաջորդած ԱՄՆ կառավարության աշխատանքի դադարեցման պատճառով: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆին:
Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը Իսրայելին օգնելու համար Կոնգրեսից խնդրել է 3.1 միլիարդ դոլար 2014թ. ֆինանսական տարվա համար, որն ԱՄՆ-ում սկսվել է հոկտեմբերի 1-ին: 2007թ. երկրները 10 տարով համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն՝ 2009-2018 թթ. ԱՄՆ-ը պարտավորվել է իր դաշնակցին հատկացնել 30 միլիարդ դոլարի ռազմական օգնություն:
ԱՄՆ արտաքին գերատեսչության տվյալներով՝ 2011թ. Միացյալ Նահանգների 80 գործընկեր երկրներին հատկացված ռազմական օգնության ծավալը կազմել է շուրջ 5.5 միլիարդ դոլար:
ԱՄՆ Կոնգրեսը չի կարողացել մինչև հոկտեմբերի 1-ը հաստատել կառավարության ժամանակավոր ֆինանսավորման մասին բանաձևը դեմոկրատների և հանրապետականների միջև սուր տարաձայնությունների պատճառով՝ առողջապահության ոլորտում նախագահական ծրագրի կապակցությամբ:











































