ԱՄՆ կառավարության ֆինանսավորման դադարեցման հետևանքով կարող են լրջորեն վատանալ հնդկացիների կենսապայմանները՝ հայտնել է Հնդկացիների կենսապայմանների հարցերով ազգային խորհրդի նախագահ Շերիլ Քոուզլին, ով չիպպևա ցեղի անդամ է: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
ԱՄՆ-ի բնիկները, ոչ կառավարական կազմակերպության ղեկավարի խոսքով՝ դաշնային իշխանություններից դրամաշնորհներ են ստանում տարբեր սոցիալական ծրագրերի ֆինանսավորման համար:
Ֆինանսաբյուջետային ճգնաժամի ձգձգման դեպքում որոշ բնիկներ կարող են զրկվել կացարանից:
Քոուզլիի խոսքով՝ կացարանների կառուցումը կառավարության կողմից ֆինանսավորվող երեք խոշոր ոլորտներից մեկն է, մյուս երկուսն են առողջապահությունն ու կրթությունը: Ներկայում կառավարության աշխատանքի դադարեցումը չի հանգեցրել շինարարության ֆինանսավորման կրճատման, սակայն եթե այն շարունակվի, ապա օգնության ծրագրերը կիրականացվեն ոչ ամբողջական ծավալով:
Եվս մեկ կարևոր ծրագիր, որը թույլ է տալիս ցեղերի անդամներին վարկեր վերցնել կացարան ձեռք բերելու համար, ներկայում ժամանակավորապես դադարեցվել է:











































