Կալիֆոռնիայի Տեխնոլոգիական ինստիտուտը երրորդ տարին անընդմեջ գլխավորում է 2013թ. աշխարհի լավագույն 100 համալսարանների վարկանիշային աղյուսակը, որը հրապարակել է բրիտանական Times Higher Education պարբերականը՝ հաղորդում է The Guardian-ը:
Երկրորդ հորիզոնականը կիսում են Օքսվորդի և Հարվարդի համալսարանները. վերջինս նախորդ տարվա համեմատ իր դիրքերը բարելավել է երկու հորիզոնականով: 2012թ. վարկանիշային աղյուսակում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Սթենֆորդի համալսարանն այս տարի հայտնվել է չորրորդ տեղում:
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, Փրինսթոնի և Քեմբրիջի համալսարանները պահպանել են նախորդ տարվա իրենց դիրքերը և համապատասխանաբար զբաղեցրել են հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ հորիզոնականները:
Կալիֆոռնիայի համալսարանը զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը (2012թ.՝ իններորդ հորիզոնական), որին հաջորդում է Չիկագոյի համալսարանը (2012թ.՝ ութերորդ հորիզոնական): Լավագույն տասնյակը փակում է Լոնդոնի կայսերական քոլեջը, որը նախորդ տարվա համեմատ իր դիրքերը նվազեցրել է երկու հորիզոնականով:
Վարկանիշային աղյուսակում շարունակում է առաջատար մնալ ԱՄՆ-ը, որի 46 համալսարաններ տեղ են գտել ցուցակում, ընդ որում՝ յոթը հայտնվել են լավագույն տասնյակում:
2013թ. աշխարհի լավագույն 100 համալսարանների ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ:









































