Հայտնի մեքենաշինական մագնատ սըր Էնթոնի Բեմֆորդի կինը՝ լեդի Քերոլ Բեմֆորդը, բացել է Wild Rabbit ռեստորանը, որը համարվում է ամենաշքեղը Մեծ Բրիտանիայում: Այս մասին հաղորդում է Kedem.ru կայքը:
Այս հաստատության բացման համար 1 միլիոն ֆունտ սթեռլինգ է անհրաժեշտ եղել և 1 տարի՝ նախապատրաստվելու համար:
Այն գտնվում է Քոթսվոլդս գյուղում՝ ոչ շատ հեռու լեդի Բեմֆորդի դաշտերից և ֆերմաներից, որտեղ օրգանական մթերքներ են աճեցվում:
Ռեստորանի բոլոր ուտեստները պատրաստվում են բացառապես տեղի բարձրորակ օրգանական մթերքներից, իսկ արտասահմանից գնվող գինիները և պանիրները մեծ ուշադրությամբ են ստուգվում: Ռեստորանի խոհանոցում աշխատում են ձեռքերով՝ մրգերն ու բանջարեղենները կտրատվում և պատրաստվում են առանց հատուկ սարքերի: Այդ ռեստորանում օրգանական են նույնիսկ կահույքը և անձեռոցիկները:
Այս ամենը Wild Rabbit-ին դարձնում են ամենաթանկ ռեստորանը Մեծ Բրիտանիայում: Ճաշացանկում ամենաէժան ուտեստն օրգանական կարտոֆիլից պատրաստված չիփսերն են՝ 4 ֆունտ արժողությամբ:















































