Կոլումբիայի շրջանի (որտեղ է գտնվում ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնը) ռեստորաններն ու խանութները, ի նշան զորակցության չվճարվող արձակուրդի ուղարկված պետծառայողների, որոշել են նրանց անվճար մթերք և ապրանքների զգալի զեղչեր տրամադրել: Այս մասին հայտնում է ABC News-ը:
ԱՄՆ-ում պետհաստատությունների ֆինանսավորումը 17 տարում առաջին անգամ դադարեցվել է այն պատճառով, որ Կոնգրեսն այդպես էլ չի կարողացել փոխզիջման գալ բյուջեի հարցով: Արդյունքում 800 հազար աշխատող ուղարկվել է չվճարվող արձակուրդի: 2012-ին Gallup-ի անցկացրած հետազոտության տվյալներով՝ Կոլումբիայի շրջանում են բնակվում ԱՄՆ-ում ամենամեծ թվով պետծառայողները: Բնակիչների ավելի քան 20 տոկոսն աշխատավարձ են ստացել դաշնային բյուջեից:
Քանի դեռ Կոնգրեսը համաձայնության չի եկել, պետծառայողները կարող են անվճար այցելել թանգարաններ և ֆիտնես ակումբներ: Պաշտոնյաներին աջակցելու ցանկություն են հայտնել նաև մի քանի կինոթատրոններ:







































