Երևանի մանկական զբոսայգում տեղի է ունեցել Պարալիմպիկ սպարտակիադայի ամփոփիչ միջոցառումը։ Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունն արդեն ավանդական դարձած մարզական միջոցառումն իրականացրել են Պարալիմպիկ կոմիտեի հետ համատեղ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ մրցումներն անցկացվում են շախմատ, բասկետբոլ, սեղանի թենիս, բազկամարտ մարզաձևերից։
Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանի խոսքով՝ Պարալիմպիկ սպարտակիադան քաղաքապետարանի ծրագրային միջոցառումներից է, որի նպատակը սպորտի միջոցով ևս հաշմանդամների՝ հասարակությանն ինտեգրվելուն աջակցելն է:
Վերջինիս խոսքով՝ հոկտեմբերին հաշմանդամների մասնակցությամբ ևս մեկ մարզական միջոցառում է ծրագրված։
Միջոցառման ավարտին մասնակիցները պարգևատրվել են հուշամեդալներով և դիպլոմներով։











































