Իրանը մտադիր է 2013-ին մեծացնել նավթի արդյունահանումը՝ հասցնելով օրական 4 մլն բարելի: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության նավթարդյունաբերության նախարար Բիջան Զանգենեին:
«Մենք կներդնենք բոլոր ջանքերը՝ ողջ ծավալով վերականգնելու Իրանի մասնաբաժինը նավթի համաշխարհային շուկայում»,- ասել է նախարարը:
Զանգենեի խոսքով՝ Իրանի իշխանությունները բանակցություններ են անցկացնում արտասահմանյան ընկերությունների հետ՝ ձգտելով նրանց մոտ երկիր վերադառնալու հետաքրքրություն առաջացնել: Նավթարդյունաբերության նախարարությունը ստեղծել է կոմիտե, որը կզբաղվի օտարերկրացի գործընկերների հետ համագործակցության նոր սկզբունքների մշակմամբ:
Արևմտյան, առաջին հերթին՝ ամերիկյան պատժամիջոցների ազդեցության ներքո Իրանում նավթի արդյունահանման օրական ծավալը երկու տարի առաջ հասել էր 2.5 մլն բարելի՝ վերջին քառորդ դարում ամենացածր մակարդակին: Հաշվի առնելով Վաշինգտոնի ճնշումը՝ շատ երկրներ ստիպված եղան հրաժարվել իրանական նավթի ներկրումից, ինչը հանգեցրեց արտերկրում մատակարարումների զգալի կրճատման, համապատասխանաբար նաև՝ եկամուտների նվազեցման:









































