Աշխարհի ուշադրությունը սևեռված է ԱՄՆ ներիշխանական ճգնաժամի վրա, որի առիթը պետական պարտքի առավելագույն շեմի խնդիրն է: Ինչպես հայտնի է, այդ շեմը սահմանում է ԱՄՆ Կոնգրեսը, և ահա Կոնգրեսի երկու պալատների տարբեր մեծամասնությունները՝ Ներկայացուցիչների պալատում՝ հանրապետականները, իսկ Սենատում՝ նախագահ Օբամայի կուսակից դեմոկրատները, չեն կարողանում համաձայնության գալ վերին շեմի հարցում, ինչը դարձել է արտառոց որոշման պատճառ՝ ԱՄՆ պետական մի շարք հաստատությունների գործունեությունը դադարել է՝ ֆինանսավորում չլինելու պատճառով: Եթե Կոնգրեսը վարչակազմին թույլ չտա բարձրացնել պետական պարտքի վերին շեմը, ապա պետությունն ըստ էության կհայտնվի սնանկ վիճակում:
Իհարկե, ոչ մի կասկած չկա, որ համաձայնություն ձեռք կբերվի. խնդիրն այլ է: Հատկապես ամբողջատիրական երկրներում, որոնք խնդիր ունեն ժողովրդավարության և ազատությունների հետ, առավել ևս բարվոք հարաբերություններ չունեն ԱՄՆ-ի հետ, Վաշինգտոնում ստեղծված վիճակը դարձել է որոշակի չարախնդության առիթ: Մի դեպքում՝ չարախնդությունը բացահայտ է, մյուս դեպքում՝ քողարկված, հաճախ ոչ այնքան լավ, սակայն բոլորը փորձում են ստեղծված իրավիճակը ներկայացնել որպես ԱՄՆ խայտառակություն:
Ինչ խոսք, ամբողջատիրական երկրներում նման բան չի լինում, քանի որ մեկ անձը կամ մեկ կուսակցությունը պարզապես անում են այն, ինչ կամենում են. կկամենան՝ պետական պարտքը կհասցնեն անհաշիվ մի չափի, կկամենան՝ պետական գանձարանը կլցնեն մարդկանց վրա դրվելիք նոր հարկերով և տուրքերով: Ամբողջատիրական երկրներում այդպես է՝ ի՞նչ քննարկում, ի՞նչ բան, ի՞նչ բանավեճ, ի՞նչ օրենք, ի՞նչ իրավունք:
Իսկ ԱՄՆ-ում իրականում մենք ականատես ենք լինում ժողովրդավարական մոդելի աշխատանքին, երբ նախագահական վարչակազմին հենց այնպես չի թույլատրվում պետական պարտքի շեմ բարձրացնել: Չէ՞ որ պետական պարտքը մարողը լինելու է հասարակությունը, որովհետև հասարակությունն է պետության գումարներն ապահովում:
Որևէ կասկած չկա, որ հանրապետականներն ու դեմոկրատները միմյանց հետ քաղաքական հարցեր են լուծում, սակայն մեխանիզմը այնպիսին է, որ նրանք դրանով հանդերձ՝ թեկուզև ակամայից, սակայն հասարակության ու պետության շահերի հարցերն են քննարկում և պաշտպանում: Սա է պետական կառավարման արդյունավետության մոդելը, որը, իհարկե, կարող է երբեմն բերել ճգնաժամերի, սակայն իր արդյունավետությամբ հանդերձ՝ այն բերում է զարգացման և օպտիմալ կառավարման:
Ամբողջատիրական մոդելներում ճգնաժամը շատ ուշ-ուշ է գալիս, սակայն երբ գալիս է, հետո, ինչպես ասում են, գնալ չկա: Ամբողջատիրական մոդելներն իրենք իսկ՝ իրենց բնույթով, հենց ճգնաժամ ու զարգացման արգելակ են:
Այնպես որ՝ ամերիկյան ճգնաժամը, ըստ էության, ուսուցողական է պետական կառավարման համակարգի մեխանիզմի տեսանկյունից: Պետությունը երբեք չի կարող խուսափել ճգնաժամային իրավիճակներից, նույնիսկ ամենահզոր պետությունը:
Հզորությունը դրանում չէ, այլ հակառակի մեջ՝ հզոր են նրանք, որոնք ճգնաժամերը դիմագրավելու և ճգնաժամերից ավելի ուժեղացած կամ գոնե անդունդը չգլորված դուրս գալու մեխանիզմներ ունեն:









































