Արտահիվանդանոցային բուժօգնություն ցուցաբերող բուժհաստատությունների (պոլիկլինիկաների) կողմից տրվող տեղեկանքների տրամադրումը կանոնակարգելու նպատակով կառավարությունն այսօր պետական կառավարման մարմիններին պարտավորեցրել է վերանայել և անհրաժեշտության դեպքում կատարել կամ նախապատրաստել իրավական ակտերի համապատասխան փոփոխություններ՝ բացառելու համար սոցիալական, կրթական, առողջապահական հաստատությունների դիմորդներին և աշխատողներին կամ աշխատանքի ընդունվելու համար դիմած քաղաքացիներին օրենսդրությամբ չպահանջվող տեղեկանքների տրամադրման հնարավորությունը։
«Պետք է ձեռնպահ մնալ դիմորդներից և աշխատողներից կամ աշխատանքի ընդունվելու համար դիմած քաղաքացիներից օրենսդրությամբ չնախատեսված և չպահանջվող տեղեկանքներ պահանջելուց և տրամադրելուց։ Դրանց մատուցման կարիքն ուղղակի չկա, որովհետև դրանք ավարտվում են դրամաշորթությամբ։ Եվ այդ արհեստական պահանջները մենք վերացնում ենք՝ չհակասելով օրենքին։ Այս փաստաթուղթն ունի քաղաքական բովանդակություն. մենք մեր քաղաքացիների կյանքը հեշտացնում ենք, նրանցից այլևս չեն պահանջելու տարբեր տեղեկանքներ»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Լողավազան այցելելու համար պոլիկլինիկայից տեղեկանք այլևս չի պահանջվելու, որովհետև աշխարհում այդպիսի բան չկա։ Մնացել է խորհրդային հին ավանդույթը, որն ավարտվում է կաշառակերությամբ։ Գնում ես, փողը տալիս ես՝ տեղեկանքը տալիս են առանց ստուգելու։ Մենք ինչո՞ւ պետք է այս գործառույթը շարունակենք։
Դրանցից 23-ը պարզապես վերացվում է։ Այսպիսով, հազարավոր մեր քաղաքացիներ կազատվեն անիմաստ պահանջներից։ Եվ այդ տեսակետից առողջապահության նախարարության գործելաոճը պետք է ստանա մեր բոլորի աջակցությունը։ Նախարարությունն էլ պետք է խստապահանջ ձևով վերահսկի, որպեսզի այսուհետև մեր պրակտիկայում այդպիսի դեպքեր չպատահեն։ Մենք այդ թեմայով զրուցել ենք նաև Երևանի քաղաքապետի հետ, որպեսզի քաղաքապետարանի, ինչպես նաև մնացած տարածքային կառավարման մարմինների ենթակայության տակ գտնվող բուժհաստատությունները հրաժարվեն այդ պրակտիկայից»,- նշեց Տ. Սարգսյանը։








































