Այսօր Հռոմում նշվում է Իտալիայի միավորման 150-ամյակը և Հանրապետության ստեղծման 65-ամյակը: Հռոմ են ժամանել տասնյակ պետությունների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ աշխարհի տարբեր երկրներից: Ընդհանուր առմամբ 73 պատվիրակություն:
Տոնակատարությունները սկսվել են Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակ դնելուց: Տոնակատարությանը երկրի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն և վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին միասին են եղել: Հուշարձանի մոտ մի խումբ հավաքվածներ սուլոցներով են դիմավորել Բեռլուսկոնիին:
Այնուհետև պետությունների ղեկավարները ներկա են գտնվել ռազմական շքերթին: Այդ շքերթին մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը, որը նստած է եղել Մեդվեդևի կողքին: Վրաստանի նախագահը, որի հետ հանդիպումից ամեն կերպ խուսափում է Մեդվեդևը, ինչի մասին բազմիցս հայտարարել է, նստած է եղել մի քանի մետր հեռավորության վրա: Տեղին է նաև հիշեցնել, որ Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը հրաժարվել է ժամանել Իտալիա, քանի որ այստեղ է եղել Կոսովոյի նախագահը, որին Սերբիան չի ճանաչում:
Շքերթն անցել է երեք փուլով՝ ցուցադրելով իտալական բանակի զարգացումը: Շքերթին մասնակցել են նաև ռազմական ինքնաթիռներ: Հետաքրքիր էր տեսնել առաջին աշխարհամարտի ժամանակ գործածված ինքնաթիռները, որոնք քարշակներով անցկացրել են հյուրերի առջևով:







































