Ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին հետևյալ հարցով. ըստ Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պաշտոնական կայքէջի՝ 2013թ. հոկտեմբերի 11-ին Երևան քաղաքում տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մայրաքաղաքների քաղաքապետերի կոնֆերանսը (): Նա նշել է, որ միջազգային գիտաժողովի կազմակերպման հարցը տևական շրջան ընդգրկված է եղել Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության օրակարգում՝ թիվ 127 հսկողականի ներքո, իսկ հանձնարարականի կատարման ժամկետ է ամրագրվել 11.09.2013թ., ապա՝ երկարացվել մինչև 30.09.2013թ., դրա կատարող՝ Քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դ.Գևորգյանը, իսկ պատասխանատուն՝ Վ.Վարդանյանը:
«Որքան էլ եկող երկուշաբթի՝ 30.09.2013թ. լրանում է հիշյալ հանձնարարականի կատարման ժամկետը, այդուհանդերձ վերջին ամիսներին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ, որոնց մասնակցել են նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ներկայացուցիչները, չի զեկուցվել հանձնարականի կատարման մասին, առավել ևս վերջին՝ 23.09.2013թ. խորհրդակցության ժամանակ:
Հայաստանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնել է 2013թ. մայիսի 16-ից մինչև նոյեմբերի 13-ը և տեղական ինքնակառավարման ու տարածքային կառավարման ոլորտում առաջնահերթություն է հռչակել «տեղական ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումը որպես հասարակության ժողովրդավարական առաջընթացի վճռորոշ տարր» :
Ձեզ հայտնի է, որ Երևան քաղաքում տեղական ժողովրդավարության առանցքային ինստիտուտը Երևանի ավագանին է՝ իբրև տեղական ինքնակառավարման բարձրագույն և ուղիղ ընտրություններով ձևավորվող ներկայացուցչական մարմին: Հենց այդ համատեքստում չափազանց կարևորում ենք Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի կազմակերպած միջոցառումը Երևան քաղաքում՝ իբրև փորձի փոխանակման, այլ քաղաքների լավագույն պրակտիկային ծանոթանալու, ՏԻՄ բարձրագույն մարմինների՝ ավագանիների միջև միջազգային համագործակցությունը խթանելու, և վերջապես՝ Հայաստանի հռչակած առաջնահերթություն-հանձնառությունը իրականացնելու հնարավորություն: Ուստի խնդրում ենք հայտնել.
1.ե՞րբ և ինչպե՞ս են Երևան քաղաքի ավագանու խմբակցությունները տեղյակ պահվելու հիշյալ գիտաժողովի անցկացման մասին,
2.ինչպե՞ս են ավագանու խմբակցությունների ներկայացուցիչները մասնակցելու դրան,
3.խնդրում ենք տրամադրել միջազգային կոնֆերանսի օրակարգը և մասնակիցների ցանկը,
4.խնդրում ենք ապահովել «Բարև Երևան» խմբակցության ներկայացուցիչների մասնակցությունը հիշյալ միջազգային գիտաժողին:











































