Օգոստոսին` հուլիսի համեմատ Հայաստանում բանջարեղենը և կարտոֆիլն էժանացել են 10.7 տոկոսով: Էժանացել են բանջարեղենի բոլոր տեսակները, հատկապես սմբուկը` միանգամից 68.6 տոկոսով: Այդ ժամանակում թանկացել է միայն կանաչ սոխը`20.3 տոկոսով: Եթե ուսումնասիրենք նախորդ տարիների թվերը, տեսնում ենք, որ օգոստոսին բանջարեղենը միշտ էլ էժանացել է: 2012թ.-ի օգոստոսին` հուլիսի նկատմամբ էժանացումը 9.2 տոկոս էր, 2011թ.-ի նույն ժամանակում` 4.9 տոկոս: Ինչը վկայում է, որ այս էժանացումը զուտ սեզոնային բնույթ ունի:
Սակայն առանց սեզոնային գործոնի էլ, և’ 2011թ.-ի, և’ 2012թ.-ի օգոստոսին` նախորդ տարիների օգոստոսի նկատմամբ նույնպես էժանացում է նկատվում: Այսպես` 2011թ.-ի օգոստոսին` 2010թ.-ի օգոստոսի նկատմամբ բանջարեղենը էժանացել է 25.7 տոկոսով, 2012թ.-ին` 2011թ.-ի նկատմամբ` 12.7 տոկոսով:
Սակայն այս տարվա օգոստոսին` 2012թ.-ի օգոստոսի նկատմամբ բանջարեղենը թանկացել է միանգամից 32.7 տոկոսով: Այդ ընթացքում կաղամբը և կանաչ պղպեղը թանկացել են կրկնակի: Մասնավորապես, կաղամբը թանկացել է 107.6 տոկոսով, կանաչ պղպեղը` 102.2 տոկոսով: Զգալիորեն թանկացել են նաև կանաչ լոբին` 51 տոկոսով, կարտոֆիլը`77.1 տոկոսով, լոլիկը`37.8 տոկոսով, սմբուկը` 30.2 տոկոսով, սեղանի ճակնդեղը` 28.2 տոկոսվ: Համեմատաբար քիչ են թանկացել սխտորը` 5.9 և կանաչ սոխը` 3.6 տոկոսով: Իսկ վարունգը, գլուխ սոխն ու գազարն էժանացել են` համապատասխանաբար` 8, 0.2 և 2 տոկոսով:
Այս թանկացումը հիմնականում պայմանավորված է հանրապետության մի քանի մարզերում տեղացած կարկուտի պատճառած վնասներով: Բանջարեղենի թանկացումը կապում են նաև գազի թանկացման հետ, քանի որ դա ավելացնում է ջերմոցային տնտեսություն պահելու համար անհրաժեշտ ծախսերը:









































