Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Մովսեսյանի նախագահությամբ սկսվում է Վաչիկ Խաչատրյանի և Դունյա Բայաթյանի գործի դատավարությունը:
66-ամյա Վաչիկն ու 76-ամյա Դունյան հարևաններ են, բնակվում են Գյումրիի Աղյուսի փողոցի համապատասխանաբար 70 և 68 համարի տներում:
Ամբաստանյալի աթոռին տարիքն առած այս հարևանները նստել են միջհարևանական կռվի պատճառով:
Ըստ մեղադրանքի՝ Դունյա Բայաթյանը կենցաղային առիթով վիճաբանել է Վաչիկի հետ և վիճաբանության ընթացքում ճանկռել է Վաչիկի կնոջ այտը:
Իսկ Վաչիկ Խաչատրյանը, ըստ առաջադրված մեղադրանքի, հարթաշուրթ կոչվող գործիքով հարվածել է Դունյայի դաստակին:
Հարթաշուրթն այս գործով իրեղեն ապացույց է ճանաչվել ու առգրավվել:
Նախաքննության ընթացքում հարևանները չեն հաշտվել, և գործը հասել է դատարան: Ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:
Վաչիկի ու Դունյայի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:









































