ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը կարծում է, որ ժողովուրդը մեղկ է, քանի որ խաբվել է և այսօր այլընտրանքի հնարավորություն չունի:
ԺԿ նախագահին խնդրել էինք գնահատել ստեղծված իրավիճակը, ներկայացնել իրենց ծրագրերն ու անելիքներն այն դեպքում, երբ, փաստորեն, ՀԱԿ-ի վերջին բազմամարդ հանրահավաքից, իշխանությունների հետ արդեն պատվիրակություններով երկխոսելու մտադրությունից, իշխանությունների համապատասխան արձագանքից և պատրաստակամ վերաբերմունքից պարզ դարձավ, որ մեծ հաշվով, Հայաստանի քաղաքական դաշտում այսօր գործում է երկու հիմնական ուժ՝ իշխանությունը և ընդդիմությունը՝ հանձին ՀԱԿ-ի:
«Թե՛ ՀԱԿ-ում, թե՛ ՀՀԿ-ում մարդիկ գնում են իրենց շահերի հետևից, պաշտոնների, փայի: Ես մաքուր տղա եմ, մինչև վերջ էլ մաքուր կմնամ: Ոչ մեկին էլ չեմ միանալու:
Ժողովրդական ուժերը, ցավոք, պարտվում են: Դրանից չգիտեմ՝ ուրախանա՞մ, թե՞ տխրեմ: Ես ինքս ինձ անձնապես շատ լավ եմ զգում և հույս ունեմ, որ հայրենասիրական ուժերը դեռ կմիավորվեն գաղափարի շուրջ»,- արձագանքեց Տիգրան Կարապետյանը մեր այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ նա, օրինակ, միավորվի ՀԱԿ-ի հետ:
Իսկ թե նման քաղաքական գործընթացների դեպքում ինչքանով է իրատեսական և ակտուալ նման ուժի գոյությունը և հետագա դերակատարությունը ստեղծված քաղաքական դաշտում, Տիգրան Կարապետյանը պատասխանեց.
«Ցավոք, էսօր ժողովուրդը ուժեղի հետևից ա վազում, էսօր դաշտում Լևոն Տեր-Պետրոսյանն ա, Սերժ Սարգսյանը ու Ռոբերտ Քոչարյանը. փաստորեն, նախագահների հետևից են վազում: Ես ցավ եմ զգում դրանից: Ակտուալությունը չգիտեմ, ամեն դեպքում անհրաժեշտ են հայրենասիրական ուժերը»:







































