Մոտ մեկուկես ամիս առաջ Miss Teen USA 2013-ը՝ 19-ամյա Քեսիդի Վոլֆը, լրագրողներին պատմել է, որ սպառնալիքներով անանուն նամակ է ստացել: Նամակի հեղինակը վստահեցրել է, որ կարողացել է կոտրել աղջկա անձնական համակարգիչը և դրա տեսախցիկի միջոցով մի քանի բաց լուսանկարներ է արել: Նա խոստացել է դրանք հրապարակել, եթե «գեղեցկության թագուհին» իրեն չտրամադրի իր մի քանի էրոտիկ լուսանկարներ և տեսագրություններ:
Քեսիդին բողոք է ներկայացրել Կալիֆոռնիայի ոստիկանություն: Հետաքննությանը մասնակցել է նաև ՀԴԲ-ն:
Հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 26-ին, ՀԴԲ մամլո ծառայությունը հայտարարել է, որ Քեսիդի Վոլֆին սպառնացող անձնավորությունը ձերբակալվել է: Դա 19-ամյա Ջարեդ Ջեյմս Աբրահամսն է՝ Քեսիդիի հարևանը: Նրան մեղադրում են մի քանի երիտասարդ աղջիկների համակարգիչները կոտրելու մեջ: Սակայն, ըստ երևույթին, նրա գլխավոր նպատակը Քեսիդին է եղել:
ՀԴԲ ներկայացուցիչ Լորա Էյմիլերը հայտարարել է, որ Աբրահամսը մեղադրվում է ոտնձգության և կիբեռհանցագործությունների մեջ, հաղորդում է ABC News-ը:










































