Վրաստանի կառավարությունը թույլ չի տա Գորիում խորհրդային առաջնորդ Ստալինի հուշարձանի վերականգնում ՝ հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին Լիտվայի ազգային հեռուստատեսության հետ հարցազրույցում: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
Հուլիսի վերջին վրացական ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Գորիում Ստալինի հուշարձանը, որը 2010 թվականին ապամոնտաժվել էր Վրաստանի իշխանությունների որոշմամբ, կվերականգնվի նրա ծննդյան օրը՝ դեկտեմբերի 21-ին, սակայն ոչ կենտրոնական հրապարակում, այլ Ստալինի տուն-թանգարանի տարածքում: Ավելի ուշ Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը հերքել էր տեղեկությունն այն մասին, որ գերատեսչությունը համապատասխան թույլտվություն է տվել:
«Վրաստանի կառավարությունը չի անի դա, դա ծիծաղելի է»,- ասել է ներքին գործերի նախարարը:
Գարիբաշվիլիի խոսքով՝ տեղական մարմիններն իրավասու չեն հուշարձանի վերականգնման մասին որոշում ընդունել, դրա համար անհրաժեշտ է կենտրոնական իշխանության համաձայնությունը:











































