Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալության վերաբերյալ ազատամարտիկների խորհուրդը այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում հանդես եկավ հայտարարությամբ:
Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը ընթերցրեց հայտարարության տեքստը. «Մենք համոզված ենք, որ Արցախյան ազատամարտի հերոս, Լեոնիդ Ազգալդյանի զինակից, Հայոց ազգային բանակի վաստակաշատ սպա, ազնիվ և հայրենասեր քաղաքացի, գերատեսչային և պետական բազմաթիվ մեդալների ու շքանշանների ասպետ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությունն անարդարացի է, առնչվում է վերջին ամիսների նրա գործունեության հետ և հետապնդում է հատուկ նպատակ:
Վոլոդյա Ավետիսյանին մեկուսացնելուց առաջ իշխանությունները փորձեցին պառակտել մասնակից ազատամարտիկներին և թշնամանք սերմանել նրանց միջև, սակայն նպատակին չհասնելով՝ դիմեցին ավելի խիստ, բայց անօրինական ու անբարոյական միջոցի: Իրազեկում ենք իշխանություններին՝ մենք չենք գնալու նրանց ցանկալի ճանապարհով: Վոլոդյա Ավետիսյանին սատարելուն զուգահեռ՝ շարունակելու ենք պայքարը զոհված ազատամարտիկների ընտանիքներին, մեր զինակից ընկերներին և նրանց ընտանիքներին արժանապատիվ կյանքի պայմաններ ապահովելու համար: Մեր պայքարն ազնիվ է ու անշահախնդիր: Մենք պայքարում ենք ազատամարտի ավարտից երկու տասնամյակ անց անտեսված արդարությունը վերականգնելու համար»:
Ազատամարտիկները հավելեցին, որ իրենք պարտություն չեն ճանաչում և մինչև վերջ գնալու են. «Հաղթանակի հասնելու համար պատերազմի դաշտում չենք խնայել մեր կյանքը: Հիմա էլ ճանապարհի կեսին կանգ չենք առնելու, գնալու ենք մինչև հաղթանակ»:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Մելիքբեկյանը նշեց, որ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությունը ոչ թե քաղաքական հետապնդում է, այլ սոցիալական պայքարը տանելով՝ Վոլոդյա Ավետիսյանը դարձավ քաղաքական բանտարկյալ. «Սոցիալական հարց բարձրացնող անձը, ով կառավարության հետ գնաց առճակատման, այսպիսի վերաբերմունքի արժանացավ: Այս քայլերով նրանք վտանգում են հայոց անվտանգությունը, հայոց բանակը»:
Մանրամասները դիտեք տեսանյութում:











































