Հայ գործարարները որպես իրենց բիզնեսի զարգացման գլխավոր խնդիրներից մեկը մատնանշում են Մաքսային ծառայությունը: Այս մասին այսօր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից հրավիրված «Մաքսային բարեփոխումները Հայաստանում» համաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ ՄԶԳ «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի գործարար միջավայրի բարելավման թիմի ղեկավար Ջոն Դոունսը: Նրա խոսքով` իրենց ծրագրի նպատակն է Հայաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացումը, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավումը:
Պատասխանելով Մաքսային միության վերաբերյալ հարցին` Դուանսն ասաց. «Մենք ուզում ենք ունենալ թափանցիկ ու արդյունավետ մաքսային համակարգ, և ես կարծում եմ, որ թե՛ կառավարութունը, թե՛ ՊԵԿ-ը լրջորեն են վերաբերվում այս խնդրին: Ոմանք խոսում են այն մասին, որ պետք է առևտրային հարաբերություններ ձևավորել Եվրամիության հետ, մյուսները խոսում են Մաքսային միության մասին:
Մաքսային միությանը անդամակցելը հայաստանցիների որոշելիք հարցն է, պետք չէ ակնկալել, որ ես պետք է ձեզ ասեմ, թե որ ուղղությամբ պետք է գնաք: Մենք փորձում ենք ձևավորել Հայաստանում մի համակարգ, որը հնարավորություն կտա առևտրային հարաբերություններ ձևավորել ոչ միայն Եվրամիության հետ, կամ, ասենք, Մաքսային միության, այլև ամբողջ աշխարհի հետ»:







































