ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կազմակերպած «Մաքսային բարեփոխումները Հայաստանում» համաժողովին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը պատասխանեց այն հարցին, թե ի՞նչ շահ ունի ԱՄՆ-ը Հայաստանում իրականացվող բարեփոխումներից:
«Բարեփոխումների հարցը մեզ հաճախ է տրվում: Հարցնում են, թե ԱՄՆ-ը կամ Արևմտյան գործընկերները ինչո՞ւ են փորձում բարեփոխումներ անել, ի՞նչ եք դուք ստանում դրանից։ Եթե անկեղծ ասեմ, ոչ մի բան, մենք այս բարեփոխումները նրա համար չենք առաջ մղում, որ ԱՄՆ-ը կամ Վաշինգտոնը օգուտ ստանան, այլ բարելավում ենք գործարար միջավայրը՝ Հայաստանում տնտեսական աճ ապահովելու համար»,- հայատարեց ԱՄՆ դեսպանը։
Դեսպանը նշեց, թե իրենց ջանքերը, երբեմն քննադատությունը միայն մեկ նպատակ ունեն՝ խրախուսել Հայաստանին ապահովելու տնտեսական աճ, աշխատատեղեր ստեղծել հայ ժողովրդի համար։
Ջոն Հեֆերնն անդրադարձավ նաև Հայաստանի որոշմանը՝ անդամակցել Մաքսային միությանը, և ընդգծեց, թե Մաքսային միությունը Ազատ առևտրի համաժողովի թեմայից դուրս է։ «Հայաստանը Առևտրի համաշխարհային կազմակեպության անդամ է շարունակում մնալ և պետք է կատարի ստանձնած պարտավորությունները՝ կատարելով բարեփոխումներ ի շահ բոլորի բիզնեսների ու բարեփոխումների»,-ասաց նա։ Ըստ դեսպանի` Միացյալ Նահանգները ամենամյա հանդիպումներ են ունենում։ «Գիլիոտային գաղափարը` այն օրենսդրական կետերի հանելը, որոնք լրացուցիչ բեռ են բիզնեսի համար և ժամանակավրեպ են, լավ մեխանիզմ է, բայց ինչպե՞ս կարող ենք բարելավել համակարգը, եթե թույլ չտանք, որ ազատ տեղաշարժ ապահովի մարդկանց նաև օդային տարածքում։ Սա է հիմնական խնդիրը Հայաստանում»,- նշեց նա։
Դեսպանը նաև նշեց, որ շարունակելու են աշխատել պետական եկամուտների կոմիտեի, ֆինանսների նախարարության և քաղաքացիական հասարակության հետ այս խնդիրները շտկելու համար։









































