ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նախօրեին հայտարարել էր, թե առաջին և երկրորդ նախագահների օրոք Հայաստանը վարել է հավասարակշռված արտաքին քաղաքականություն, և ամեն ինչ խախտվել է միայն Սերժ Սարգսյանի օրոք: «Դա է եղել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հաստատված արտաքին քաղաքականության դոկտրինան՝ անկախությունից ի վեր: Մենք ամրապնդել ենք լավ հարաբերություններ բոլոր գերտերությունների հետ՝ լինի դա Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, եթե կուզեք՝ Չինաստանը և Իրանը: Բարելավել ենք մեր հարաբերությունները հարևանների հետ՝ Վրաստան, Ադրբեջան և այլն: Քոչարյանի օրոք թեև կատարվեցին քայլեր, որոնք Հայաստանին ավելի մեծ կախվածության մեջ գցեցին Ռուսաստանից՝ ես նկատի ունեմ ստրատեգիական տնտեսական ռեսուրսների վաճառքը Ռուսաստանին, նաև Ռուսաստանի թելադրանքով Իրանի գազամուղի սահմանափակումը, այնուամենայնիվ՝ զուտ դիվանագիտական առումով հավասարակշռության կոնցեպցիան պահպանվեց, և Հայաստանը շարժվում էր այն ուղով, որը որդեգրել էր Տեր-Պետրոսյանը»,- ասել էր նա:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ռուսաստանի «Հակակոռուպցիոն» հանձնաժողովի նախագահի խորհրդական, անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը, անդրադառնալով այդ կարծիքին, ասաց. «Հիմա արտաքին քաղաքականությունն ամբողջովին փոխվել է՝ թե՛ դրսի երկրների հարաբերություններում, թե՛ պատերազմական վիճակը… Այդ ամենը, ինչը սկսում է ազդեցություն գործել փոքր երկրների վրա, այն ժամանակ այդ խնդիրը չկար: Հիմա փոքր երկրների համար սկսվել է նոր պայքար: Ասեմ մի բան՝ այս տարիների ընթացքում հարյուրավոր սպանություններ են եղել Ռուսաստանում, դեպքեր՝ երիտասարդներ են սպանել, հայերին թալանել, հիշո՞ւմ եք որևիցե մի դեպք, երբ Հայաստանի կառավաությունը, ղեկավարությունը այդ հարցը բաց դնի Ռուսաստանի դիմաց, պայքարի իր քաղաքացու համար: Երբ Լուկաշենկոն ձերբակալեց Ռուսաստանի օլիգարխին, և երբ Պուտինին հարց տվեցին, ասաց՝ ես դրա մասին չեմ խոսում, որ այդ հարցը լուծվի: Պատկերացնո՞ւմ եք ռուս օլիգարխի Սերժը (թեկուզ Ռոբերտ Քոչարյանը) ձերբակալեր, ինչ կլիներ»:
Խաչատրյանի գնահատմամբ՝ հիմա թեև ավելի ծանր է, բայց հիմքը դրվել է այն ժամանակ․ «Սերժի ժամանակ ավելի բացվեց: Իսկ ինչո՞ւ: Որովհետև սկսվեց համեմատություն դրվել Եվրոպայի, Ամերիկայի, Ռուսաստանի միջև: Խորտակումը սկսվում է այն ժամանակ, երբ ժողովուրդն ու արտաքին աշխարհը տեսնում են կործանումը: Հիմա այդ ժամանակն է, բայց սկսվել է հենց այն ժամանակվանից»:
Արբակ Խաչատրյանը հավելեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն արտաքին քաղաքականության ավելի մեծ փորձ, հմտություն ուներ, բացի այդ՝ Հայաստանը նոր հաղթանակած պետություն էր․ «Այդ ժամանակ վիճակը տարածաշրջանում այլ էր՝ Ադրբեջանում ծանր պատերազմական դրություն, Վրաստանում ևս ծանր էր, բայց մենք դիրք ունեինք, կար քաղաքական դեմքերի խումբ: Հետո եկավ մի ժամանակ, երբ քաղաքական դեմքերը վերացան, և դուք էլ շատ լավ գիտեք՝ նրանց փոխարեն ովքեր եկան»:
Մեր զրուցակցի պնդմամբ՝ հիմա արտաքին քաղաքականությունը շատ է փոխվել, և թույլ պետությունների գլխին բազմաթիվ խնդիրներ են կախվել․ «Կատարվում է համաշխարհային փոփոխություն, ու այս շրջանում փոքր երկրների (եթե չունեն քաղաքական հիմք) կործանումը պարզ երևում է: Ռոբերտի ժամանակ լրիվ ռուսամետ էր՝ ամեն ինչ, ու Ռուսաստանը թելադրում էր: Հենց Ռոբերտ Քոչարյանի ժամանակ Ռուսաստանը թույլատրեց թալանը Հայաստանում, առևտրականների առաջ գալը, դիվանագիտական դպրոցն էլ կախվեց գումարներից, այդ ժամանակվանից ամեն ինչ կորավ: Ցույց տվեք հիմա քաղաքական դեմք արտաքին գործերից, որ կարող է մրցունակ լինել, և նախագահ, որ իր դիրքն ունենա ու երկիր ներկայացնի:
Ես չեմ կարող տաբերություն դնել, այն ժամանակ ուրիշ էր՝ պատերազմական վիճակ էր: Մենք հաղթող էինք Ղարաբաղում, և այդ իրավիճակը չի կարելի համեմատել հիմիկվա վիճակի հետ: Դժվար է ասել՝ մենք այն ժամանակ ռուսամետ էինք, թե եվրոպամետ, ցանկացած հնարավոր բան պետք է օգտագործեինք, և քանի որ արդյունքը եղավ հաղթանակը, ճիշտ չէ դրա մասին խոսել»:
Արբակ Խաչատրյանը հավելեց, որ Քոչարյանի ժամանակ ամենավտանգավոր հանգամանքն այն էր, որ թալան եղավ, և այդ ժամանակվա խնդիրները հիմա են ի հայտ գալիս․ «Ամբողջովին դիվանագիտական դպրոցը ջարդվեց: Ես չեմ ընդունում, որ Ռոբերտի ժամանակ ավելի լավ էր, քան Սերժի: Քանդումը սկսեց այն ժամանակ: Մենք պատերազմին պատրաստ էինք, բայց ծաղկող կյանքին՝ ոչ․․․ որ կարողանայինք հզորանալ: Հայ ազգն ավելի պատրաստ էր պատերազմին՝ իր հողի համար պայքարելուն: Ժողովուրդը պատրաստ չէր պայքարելու իրեն ճնշողի դեմ՝ երկրի ղեկավարի կամ ներկայացուցչի»:










































