Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը չցանկացավ մեկնաբանել ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի երեկ հնչեցրած այն միտքը, թե Տեր-Պետրոսյանը և Քոչարյանը հավասարակշռված քաղաքականություն էին վարում, իսկ Սերժ Սարգսյանը` ոչ:
«Քոչարյանի օրոք թեև կատարվեցին քայլեր, որոնք Հայաստանին ավելի մեծ կախվածության մեջ գցեցին Ռուսաստանից՝ ես նկատի ունեմ ստրատեգիական տնտեսական ռեսուրսների վաճառքը Ռուսաստանին, նաև Ռուսաստանի թելադրանքով Իրանի գազամուղի սահմանափակումը, այնուամենայնիվ զուտ դիվանագիտական առումով հավասարակշռության կոնցեպցիան պահպանվեց, և Հայաստանը շարժվում էր այն ուղով, որը որդեգրել էր Տեր-Պետրոսյանը»,- ՄՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ երեկ կազմակերպված քննարկման ժամանակ ասել է Լևոն Զուրաբյանը:
Համակարծի՞ք եք Զուրաբյանի հետ, որ Քոչարյանի և Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությունը նույն հարթության վրա են` հարցրեցինք երկրորդ նախագահի խոսնակին: «Ես չէի ուզենա մեկնաբանել Զուրաբյանի ասածները, ոչ էլ վերլուծություններ անել: Կարծում եմ, որ ճիշտ կլինի դիմեք քաղաքագետների, գուցե նրանք ձեզ օգնեն: Իմ անձնական կարծիքն այս դեպքում կապ չունի, կարծում եմ` այստեղ ավելի շատ քաղաքագիտական վերլուծության կարիք կա»:
Ամեն դեպքում չեք էլ հակադրվո՞ւմ` հետաքրքրվեցինք. «Գիտեք, իմ կարծիքն այս դեպքում որևէ նշանակություն չունի: Որպես պաշտոնյա` ես, իհարկե, ունեմ կարծիք, բայց չեմ կարծում, որ հիմա տեղին է դա հայտնել: Եթե քաղաքագիտական վերլուծություն լիներ, և ես էլ որպես քաղաքագետ հանդես գայի, կվերլուծեի և կասեի իմ կարծիքը, բայց սա այդ դեպքը չէ»:
Վիկտոր Սողոմոնյանը դժվարացավ պատասխանել նաև այն հարցին, թե կմասնակցի՞ Քոչարյանը երեք նախագահների մասնակցությամբ կլոր սեղանին: Հիշեցնենք, որ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հայտարարել է, որ պատրաստվում է առաջիկա օրերին առաջարկությամբ դիմել Սերժ Սարգսյանին կլոր սեղանի շուրջ հրավիրել ՀՀ երեք նախագահներին` քննարկելու Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցը: «Գիտեք, չէի ուզենա եթե-ներով խոսել, որքան հասկացա պարոն Իսագուլյանն այդ առաջարկը դեռ պետք է ձևակերպի և ներկայացնի Սերժ Սարգսյանին, երբ որ դիմի, այդ ժամանակ էլ պարզ կլինի: Ես նույնիսկ առիթ էլ չեմ ունեցել այդ հարցով դիմելու, քանի որ առաջարկը դեռ ձևակերպում չի ստացել»:
Ինչ վերաբերում է ՄՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի արձագանքին, ապա խոսնակն ասաց, որ առաջիկայում անպայման կլինի արձագանք, հարցազրույցի տեսքով:











































