Մի քանի ամիս շարունակ Ազատության հրապարակում նստացույց անող ազատամարտիկներն այս օրերին ակտիվ հանդիպումներ են ունենում քաղաքական ուժերի և կուսակցությունների հետ: Առաջին հանդիպումն օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ էր, ապա տրամաբանորեն՝ նաև Հայ ազգային կոնգրես կուսակցության հետ:
Հանդիպումներին մասնակցող ազատամարտիկ, Դաշտային հրամանատարների խորհրդի անդամ Վլադիմիր Առաքելյանը «Առաջին լրատվական»-ին ասաց, որ այսօր արդեն պատրաստվում են հանդիպել ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի հետ, Դաշնակցության հետ: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա ազատամարտիկներն այս դեպքում կուսակցության միայն առաջին դեմքի`Սերժ Սարգսյանի հետ են ուզում հանդիպել: Առաջարկն ուղարկել են և սպասում են արձագանքի:
Առաքելյանի խոսքով՝ իրենք հանդիպում են այն կուսակցությունների հետ, որոնք սրտացավ են մեր ազգի այսօրվա վիճակով: «Նրանց մենք ներկայացնում ենք մեր երկրի այսօրվա վիճակը: Բոլորին էլ մտահոգում են այդ հարցերը: Ինձ թվում է՝ բոլորը միաձայն մեր բարձրացրած հարցերի հետ համամիտ են»: Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեն այդ հանդիպումներից, ազատամարտիկը դժվարացավ պատասխանել:
Նկատենք, որ ազատամարտիկների այս թևը պահանջում է վերջ տալ «ամենաթողությանն ու երկիրը փրկել կործանումից»։ Այլ կերպ ասած՝ իշխանափոխության պահանջ են դնում: Առաքելյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է կարծում է, ասենք՝ Գագիկ Ծառուկյանը կաջակցի՞ իրենց բարձրացրած հարցերին լուծում տալու համար: «Գիտեք, նույն Գագիկ Ծառուկյանն էլ է հետաքրքրված մեր երկրի, ժողովրդի համար, իսկ թե ինչպես կաջակցի, ինչ ձևաչափով, կորոշվի կլոր սեղանի շուրջ»: Բայց փորձը ցույց է տալիս, որ վճռական պահերին Ծառուկյանը միշտ իշխանությունների կողմն է բռնում, Ձեր կարծիքով՝ նա դեմ կգնա՞ իշխանություններին ձեր բարձրացրած հարցերին լուծում տալու համար և մտավախություն չունե՞ք, որ հերթական անգամ խաբվածի կարգավիճակում կհայտնվեք. «Ավել բան չեմ կարող ասել: Նա մտահոգված է երկրի, մեր ժողովրդի, այսօրվա ամեն ինչի հարցերով, և ամեն ինչ պարզ կդառնա հանդիպումների ավարտից հետո»:
Նշենք, որ բոլոր կուսակցությունների հետ հանդիպումից հետո ազատամարտիկները կլոր սեղան կկազմակերպեն, որտեղ կքննարկվեն հետագա անելիքները և բարձրացված խնդիրների լուծման եղանակները:









































