Վրաստանի «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի պատգամավորները և խորհրդարանական փոքրամասնությունը դրական են գնահատել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Մարդու իրավունքների հարցերով խորհրդարանական կոմիտեի նախագահ Էկա Բեսելիան նշել է, որ նախագահը, ամենայն հավանականությամբ, գիտակցել է, որ միջազգային տրիբունան լավագույն վայրը չէ ներքին հակասությունները ցուցադրելու համար:
«Այդ պատճառով լավ է, որ նա քիչ ուշադրություն դարձրեց դրան, խոսակցությունը չշարունակեց իր սովորական հռետորաբանությամբ: Գլխավոր շեշտը դրվեց երկրի արտաքին կուրսի վրա, որն անփոփոխ է, և սպառնալիքներին, որոնք բխում են մեր իրականությունից»,- հավելել է նա:
Խորհրդարանական փոքրամասնության պատգամավոր Գեորգի Կանդելակիի կարծիքով՝ Սաակաշվիլիի ելույթը ամբողջությամբ համապատասխանել է Վրաստանի շահերին:
«Նախագահի ելույթում շատ հստակ ձևակերպվել է, որ Ռուսաստանի այսօրվա ղեկավարությունը ընդհանուր առմամբ թշնամանք է տածում ցանկացած հարևան երկրի ուժեղ կառավարության գաղափարի հանդեպ, այդ թվում և առաջին հերթին՝ Վրաստանի»,- հայտարարել է Կանդելակին:







































