Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագիրը շուրջ 90 տոկոսով ավարտված է: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հիմնանորոգման համար նախատեսված 30 փողոցներից մի քանիսում դեռ շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները:
Ըստ անհրաժեշտության, խնդրահարույց բոլոր փողոցներում «Երևան Ջուր» ընկերության հետ համատեղ տեղադրվել են նոր անձրևորսիչներ, ընդլայնվել կամ ներկառուցվել են ջրահեռացման, որոշ դեպքերում էլ` ոռոգման նոր համակարգեր: Հալաբյան փողոցում ջրակուտակումներից խուսափելու համար հատվածաբար նաև գետնի նիշերը կբարձրացվեն:
Միջնաշերտի և մայթերի եզրաքարերի փոխարինումից հետո մոտ օրերս կսկսվի ասֆալտապատումը:
Ասֆալտապատվում է նաև «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանին կից հրապարակը, որը նաև տոնական միջոցառումների անցկացման վայրերից մեկն է լինելու: Զուգահեռաբար բոլոր վարչական շրջաններում շարունակվում են ճանապարհների փոսային նորոգումների և ճաքալցման աշխատանքները: Խիստ ուշադրություն է դարձվում որակին:
Կատարված ուսումնասիրությունների վերաբերյալ պարբերաբար զեկուցվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Հնարավոր թերությունները կապալառու կազմակերպությունները վերացնում են սեփական միջոցներով:
Հիշեցնենք, որ 2013 թվականին նախատեսված է շինբարեկարգել 2.5 միլիոն քառակուսի մետր տարածք:








































