Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ Նախախորհրդարանը գրեթե ավարտել է երկար սպասված՝ նոր որակի ապագա պետության հայեցակարգի մշակումը և շուտով Նախախորհրդարանը ժողովրդի քննարկմանը կներկայացնի այն:
Նրա խոսքով` որքան կարևոր են ներքին զարգացումները, նույնքան էլ կարևոր է արտաքին քաղաքականությունը: Դրա համար էլ Նախախորհրդարանի առաջին զեկուցումը կլինի Նախախորհրդարանի արտաքին քաղաքականության հայեցակարգի զեկուցումը:
Ալեք Ենիգոմշյանը անդրադարձավ նաև սիրիահայության խնդրին: Ըստ նրա՝ երկուսուկես տարի է` Սիրիայի հայ համայնքը բարձիթողի և անտեր վիճակում է: Պետություն և պետականություն ունեցող ժողովրդի պարտականությունը պետք է լինի աջակցել, և մենք տեսնում ենք, թե ինչ «աջակցություն» է ցույց տալիս հայկական պետականությունը:
«Մենք ոչ մի ակնկալիք չունենք այս վարչախմբից, մենք կոչ ենք անում մեր ամբողջ ժողովրդին՝ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, որ ամենաբարձր մակարդակով և ամենաուժեղ ճնշումները պետք է շարունակել բանեցնել Հայաստանի այսօրվա վարչախմբի նկատմամբ, որ Սիրիայի հայկական գաղութին դուրս բերի այս վիճակից: «Մենք պարտավոր ենք ազգովի իրականացնել հայերենադարձություն»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը:
Կարո Եղնուկյանը նշեց, որ սփյուռքահայերի և հայաստանցիների միջև փորձում են սեպ խրել «Պառակտիր, որ տիրես» սկզբունքով:
Անդրադառնալով իր նկարին, որը փակցված էր Փակ շուկայի վրա, նա նշեց, որ կդիմի վարչական դատարան, քանի որ ցուցապաստառն ուներ իր հանդեպ ատելություն սերմանելու նպատակ:
Ժիրայր Սեֆիլյանը, անդրադառնալով իրենց հետագա քայլերին, նշեց, որ մի օրում չի լինելու փոփոխությունը. «Մենք ուզում ենք պետություն ստեղծել, մենք չպետք է ժողովրդի կիրքը օգտագործելով քշենք սրանց, բայց մենք ուզում ենք ոչ միայն քշել, այլև պետություն ստեղծել, մեր դանդաղկոտությունը հենց դրանով է պայմանավորված: Այլապես նույնը կրկնվի, տականքը սողոսկելով կհայտնվի ղեկին»,- ասաց նա:
Նա նշեց, որ Նախախորհրդարանն այսօր արդեն ունի երեք գրասենյակ Կապանում, Գյումրիում և Վանաձորում:
Ալեք Ենիգոմշյանը անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի նկատմամբ երեկ տեղի ունեցած բռնությանը` նշեց, որ իրենք դատապարտում են Հայաստանի տարածքում ցանկացած այլ` ոչ հայկական ուժային կառույցի կողմից որոշումներ կայացնելու և Հայաստանի քաղաքացու նկատմամբ նման դիրքորոշումներ ցուցաբերելու քայլը:









































