Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը կհանդիպի «Արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի շրջանակներում: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Դավիթ Ջալագանիային:
Նրա խոսքով՝ հանդիպմանը կքննարկվեն Եվրամիության հետ հարաբերությունները և ապագայի ծրագրերը, մանսավորապես, «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովի համատեքստում:
Հիշեցնենք, որ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը տեղի է ունենալու նոյեմբերին Վիլնյուսում:
«Արևելյան գործընկերությունը» Լեհաստանի և Շվեդիայի համատեղ նախաձեռնությունն է հարևանության քաղաքականության շրջանակներում, որն ուղղված է ԵՄ-ի և հետխորհրդային նախկին վեց հանրապետությունների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Բելառուս և Ուկրաինա) հետ հարաբերությունների բարելավմանը:







































